Tert.am-ը գրում է․

Պետությունը համաչափ և պատշաճ կերպով արձագանքեց Վրաստանում մայդան կազմակերպելու արմատական ընդդիմության ևս մեկ փորձին՝ Թբիլիսիի փողոցներում պատերազմի իմիտացիան անհաջող ավարտվեց:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանում նոյեմբերի 28-ից ի պատասխան իշխանությունների որոշման՝ օրակարգից հանել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Դեկտեմբերի 4-ից այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկություններ կատարեց ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, ցուցարարներն այլևս չեն «կրակում» ոստիկանների ուղղությամբ պիրոտեխնիկայով և մոլոտովի կոկտեյլներ նետում, իսկ անվտանգության ուժերն այլևս չեն օգտագործում ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

«Գիտեք, որ արմատական ընդդիմությունը Մայդան, «Ազգային մայդան» կազմակերպելու փորձ ուներ, ավելին, մեր մայրաքաղաքի փողոցներում պատերազմի իմիտացիա արեցին, բայց տեսաք, որ պատերազմի այս իմիտացիան անհաջող ավարտվեց և հերթական փորձն արվեց։ «Ազգային մայդան» կազմակերպելը մեր երկրում ձախողվեց»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանում Մայդան կազմակերպելու չորս փորձ է եղել, սակայն, ինչպես նշել է Կոբախիձեն, պետությունը հաջողությամբ պատասխանել է բոլոր չորս փորձերին։

«Բոլորը վերջապես համոզվեցին, որ Վրացական պետությունն ուժեղ է, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով խաթարել մեր պետության հզորությունը», - ասել է Կոբախիձեն։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը և անձամբ նախարար Վախթանգ Գոմելաուրիին, Հատուկ հանձնարարությունների վարչությանը և ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել