Տակավին հասուն տարիքում վերջապես որոշել եմ բանկային պատմություն ունենամ, մոտ ժամանակներս էլ հարմար իրադարձություն կա, ասացի՝ ըհըն, կգնամ, այդ առթիվ առաջին վարկս կվերցնեմ։ Իմ համեստ կարծիքով՝ իդեալական հավակնորդ եմ, որովհետև իմ անունով անշարժ գույք ունեմ, ԱՁ եմ՝ ստաբիլ բաց օֆիսով ու եկամուտով, տարիներ առաջ կյանքում մեկ անգամ եմ ապառիկ վերցրել՝ նույն ամսում փակել եմ (սա վատ է, գիտեմ, բայց մեկ հատիկ անգամ է ու 2017 թվականին): Կարճ ասած՝ անբասիր, մաքրամաքուր, ես կասեի՝ պլպլան անձնավորություն։
Տեղ գնալու շորերս հագա, մազերս այս հրաշալի առիթով սանրեցի, օծանելիքս փչեցի, անգամ մաքրեցի կոշիկներիս փոշին, ու ուղիղ դեպի ԱԿԲԱ, որովհետև ԱՁ-ս էլ է այնտեղ գրանցված. մեկից մեկ վարկ են տալու, աչքների դիմաց եմ մեծանում։ Առհասարակ՝ մենք շատ լավ ենք իրար հետ, մեր մասնաճյուղն էլ՝ մեկը մեկից լավ ժողովուրդ։
Հերթս հասավ, մոտեցա աշխատակցին, ժպտերես ու պայծառ մի աղջիկ։ Ասացի՝ էդ ա, մասնագետն էլ լավ գլուխ է հանում՝ հեսա արագ ձևակերպում ենք՝ գնամ գործերով։ Բանկի համար էլ մեծ գումար չի՝ իսկապես մտածելու բան չկա։ Իմ համար ուրախ-ուրախ նստած եմ, օնլայն բանկինգով ենք փորձում՝ մերժում է։ Էդտեղ պլպլան էգոս մի քիչ զսպվեց, աշխատակիցն ասաց՝ մի րոպե ես էլ իմ մոտից դիմեմ։ Դիմեց՝ էլի մերժեց։ Պատասխան՝ score-ս ցածր ա։ Ասում եմ՝ բա ո՞նց բարձրացնեմ։ Ասում է՝ պիտի վարկ վերցնեք, որ բարձրանա։ Ծիծաղում եմ. բա եթե ինձ վարկ չեք տալիս, որովհետև բալերս ցածր են, ես ո՞նց վարկ վերցնեմ, որ բալերս բարձրացնեմ։
Ասում եմ՝ համաձայն եմ, էդ փոքր գումարի համար եկեք անշարժ գույքը գրավ դնենք, ես ինձնից ավելի վստահելի մարդ ֆինանսական ոլորտում չեմ ճանաչում, հանգիստ պատրաստ եմ դրան։ Սիրուն աղջիկն ասում է՝ հնարավոր չի, գոնե տասը միլիոն պիտի վերցնեք։ Է, ես էդքան փողն ի՞նչ եմ անում։ Ասում եմ՝ բայց ավելի վստահելի չե՞մ արդյոք, որ էդ համեմատաբար փոքր գումարի դիմաց եսիմքանի պատիկ ավելի արժողությամբ տուն եմ պատրաստ գրավ դնել։ Աշխատակիցն ասում է՝ հասկանում եմ, բայց ծրագիրն է մերժում, մարդկային գործոն չի։ Հասկանում եմ, օքեյ, բա ԱՁ-ս էլ է ձեր համակարգում, մի հատ տեսեք՝ ստաբիլ-նորմալ աշխատում ենք, անձնական քարտովս էլ պարբերաբար կարճաժամկետ պայմանագրերով աշխատում եմ տարբեր ընկերությունների հետ՝ օֆիսից բացի՝ իմ նեղ մասնագիտական ուղղվածությամբ, բա էդ ամե՞նը։ Ուսերն է թոթվում, տպավորություն էր՝ ինձնից շատ է տխրել։ Ասում եմ՝ գնա՞մ քանի հատ կուզեք՝ գարանտ բերեմ։ Էլի ժպտում է՝ չի օգնի։ Լավ, սպառողական վարկ չեք տալիս՝ օքեյ, գոնե բիզնես վարկ կտա՞ք։ Համաձայն եմ, ընկնեմ հարկային-մարկային, էդ թղթերը հավաքեմ-բերեմ, գնամ ձեր մյուս՝ բիզնես վարկեր տրամադրող մասնաճյուղ։ Ասաց՝ ամենայն հավանակնությամբ՝ մերժելու են, որովհետև զրոյական է, ավելի լավ է ժամանակ չկորցնեք։
Հիմա դուրս եմ եկել բանկից, իսկապես չեմ հասկանում։ Ուրեմն ես՝ հարկեր մուծող, ֆինանսական գրագիտություն ունեցող քաղաքացի եմ, ԱՁ ունեցող մարդ եմ, իմ անունով անշարժ գույք ունեցող, ինքն իր բերանով տունը գրավ դնել առաջարկող, թեկուզ հինգ հոգի գարանտ բերելու պատրաստ, պարբերաբար կարճաժամկետ, բայց փաստաթղթավորված պրոյեկտներով աշխատող խեղճ ու կրակս է՞լ ինչ անեմ ու ունենամ, որ ինձ վարկ տաք։ Էն էլ՝ ադեկվատ գումար է, իմ եկամուտներին համապատասխան, դեռ մի բան էլ՝ քիչ։ Կուզեք՝ շուտ էլ չեմ փակի, ամեն ինչի համաձայն եմ, ինձ վարկ տվեք, է՞լ ինչ անեմ ես։
ԱԿԲԱ ջան, մենք միշտ շատ լավ ենք եղել իրար հետ, ինչի՞ եք էսպես անում, ու ախր շատ անհիմն է։ Պիտի գնամ մանր-մունր ապառիկներ վերցնեմ, որ պատմություն հավաքեմ՝ ինչպես հուշեց մեր սիրուն աղջիկը, բայց ինձ էդպես բացարձակ հարմար չի, ոչ էլ էդքան ժամանակ ունեմ, ինձ հստակ գումարի չափով վարկ է պետք, ես էլ ձեր հազար տարվա հաճախորդն եմ, ինքս եմ լուծումներ ու առաջարկներ անում։ Պիտի, չէ՞, համակարգը մի քիչ ճկուն լինի։
Լավ, գոնե կհուշե՞ք՝ որ այլ բանկում ինձ վարկ կտան շատ ցածր բալերով, էս ամենը հաշվի առնելով։ Մերոնց մոտ էի ուզում, բայց որ չեն տալիս, պիտի այլ տարբերակներ փորձեմ ստիպված։ Լրիվ էն «Կարգին հաղորդումն» ա, որ ասում ա՝ զուգարանիս կաֆելն ու զուգարանակոնքը ցույց եմ տվել, ինձ մի հատ զուգարանի թուղթ տվեք։ Վարկ տվեք ինձ, ես էլ եմ բանկային պատմություն ուզում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել