”Երիտասարդությունը գույների ու համարձակության մեջ է”,-ասում է երիտասարդ հաղորդավարուհի Նունեն, ում դու կճանաչես ԴԱՐ 21 հեռուստաընկերության եթերից: Ամեն օր՝ ժամը 17:00-ից, Նունեն ողջունում է քեզ Status Show հաղորդման շրջանակներում ու պահում քեզ սոցցանցային գրառումների կենտրոնում:
FashioYan-ը զրուցել է ոճային այս աղջկա հետ՝ պարզելու համար, թե ինչն է կարևորում նորաձևության մեջ, ով է ստեղծում նրա կերպարներըը եթերից առաջ ու շատ այլ հարցեր:
-Ողջույն Նունե: Կպատմե՞ս մի փոքր ոճիդ մասին: Ինչպիսի՞ն է այն:
-Մինչ ոճիս մասին խոսելը, մի կարևոր բան նշեմ ու անցնեմ առաջ: Ոճային լինելը շատ ողջունելի է ու դիմացինի աչքին հաճելի, բայց շատ կարևոր է, որպեսզի ոճայնությունը բխի տարիքից: Այսինքն, ուղղակի անմտություն են համարում, երբ 16 տարեկան դեռահաս աղջիկը հագնվում է էնպես, որ ընդգծի իր դեռևս չեղած սեքսուալությունը: Ինչ վերաբերում է իմ ոճին, ապա այն համարում եմ զուսպ, բայցև աչքի ընկնող: Սիրում եմ ճիշտ համադրություններ՝ առանց ավելորդ փայլի ու պաթոսի: Սիրում եմ կրել թե’ ջինսեր, թե’ զգեստներ: Առաջինը կնոջը հաղորդում է մի քիչ հանդգնություն, իսկ երկրոդը՝ կանացիություն: Սիրում եմ երբեմն լինել պարզ հագուստով, երբ տրամադրություն չունեմ ամբոխում ավելորդ հայացքների արժանանալու համար:
- Որքանո՞վ ես հետևում նորաձևությանը և ինչի՞ ես պատրաստ՝ հանուն սեզոնի թրենդի ձեռքբերման:
-Հետևում եմ նորաձությանը, պարբերաբար տեղեկանում են տվյալ սեզոնի միտումներին, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ամեն օր այցելում եմ իմ սիրելի կայքերից մեկը, որը ամեն օր թարմացվում է, ու մտնողի աչքը յուրաքանչյուր օր մի նոր նորաձև կամ ոճային ֆոտոշարք է շոյում, բայց միևնույն ժամանակ սխալ կլինի ասել, որ կուրորեն հետևում եմ տենցդենցներին, ու եթե տվյալ սեզոնի թրենդ չկրեմ՝ կամրջից ինձ չեմ նետի: Օրինակ՝ ամռանը առանձնապես թրենդ չեմ կրել, որովհետև ունեի դեռ չհագած հրաշալի զգսստների մի ամբողջ շարք, դրանք էի կրում, իսկ առհասարակ պահարանումս փորձում եմ ունենալ տվյալ սեզոնի մի քանի թրենդային հագուստ:
-Ի՞նչ է տալիս նորաձևությունը քեզ և ինչ վերցնում քեզանից:
-Նորաձևությունը ու, առհասարակ, նորաձև ու ոճային մարդիկ, առաջին հերթին, վիզուալ առումով են ինձ հաճելի: Ընդ որում՝ անկախ նրանց սեռից, եթե մարդ նորաձև է ու ոճային, արդեն իսկ լավ է: Հետևաբար, նորաձևությունն ինձ առաջին հերթին էսթետիկ տեսանկյունից հաճույք է պատճառում, ես ժամերով կարող եմ կորչել մի կայքում՝ դիտելով նորաձևության ֆոտոշարքեր: Ինձանից նորաձևությունը վերցնում է ժամանակ ու գումար: Որքան էլ զարմանալի թվա, բայց ես եթե մի բան հավանեցի, կարող եմ օրերով մտածել դրա մասին, կարող եմ մի տասը անգամ այցելել տվյալ խանութ, փորձել հավանածս հագուստը, չկենտրոնանալ ու վերադառնալ վաղը: Եվ իհարկե, գումար, որովհետև, Հայաստանում հագուստն այդքան էլ էժան չէ:
-Եթեր դուրս գալուց առաջ ի՞նքդ ես ընտրում կերպարներդ, թե՞ քեզ հետ ոճաբան է աշխատում:
-Նախքան եթեր դուրս գալը, բնականաբար, պրոդյուսերի առաջարկն եմ լսել, թե ինքն ինչպես է պատկերացնում իմ հանդերձանքն ու կերպարը տվյալ ձևաչափի հաղորդման համար: Կա համապատասխան հագուստի խանութ, որը և ինձ հնարավորություն է տալիս կերտելու իմ կերպարները՝ եթեր դուրս գալուց առաջ: Ես ինքս եմ դրանք մտածում:
- Ի՞նչն է քեզ նյարդայնացնում աղջիկների հագնվելաոճում:
-Ինձ առհասարակ մեր երիտասարդների հագուկապն այդքան էլ դուր չի գալիս: Արդեն նշեցի, որ եթե նույնիսկ նորաձևությանը չես հետևում, գոնե պետք է տարիքիդ համապատասխան հագնվես: Երիտասարդ աղջիկներ, ովքեր կարծես քառասուն տարեկան տան տիկիններ լինեն, դա այդքան էլ լավ չէ: Ինձ համար երիտասարդությունը գույների ու համարձակության մեջ է: Բայց մեր երիտասարդների շրջանում դա բացակայում է: Իհարկե, կան նաև բացառություններ, երիտասարդներ, ովքեր, իսկապես շատ ոճային են ու ճաշակով: Ու ամենևին էլ պարտադիր չէ կրել որևէ թրենդ կամ բրենդ. ներքին հոտառություն, այդքանով ամեն ինչ ասված է: