Երևանի հասարակական տրանսպորտից օգտվող սոցիալական որոշ խմբեր կօգտվեն ուղեվարձի արտոնությունից: Երևանի ավագանին հերթական նիստում հավանություն է տվել արտոնությունների փաթեթին: Դրանք վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և 10 ուղևորություններով տոմսային փաթեթներին,   փոփոխվող սակագնի պայմաններում վերաբերում են հանրության այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն են զգում կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի առաջ։ Մասնավորապես.
1.Երևանի հիմնական և ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար սահմանվել է 20%, 
2.Երևանի քոլեջների, ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսանողների (անկախ հաշվառման վայրից) համար՝ 15%, 
3.Երևանում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ 30%,
4.Երևանում հաշվառված անապահովության նպաստառուների համար՝ 20%,
5.ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ու Երևանում հաշվառված ծնողազուրկ աշակերտները և ուսանողները, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացիները, Երևանում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողները կերթևեկեն անվճար:
Արտոնությունների նշված փաթեթից կօգտվի շուրջ 550 հազար քաղաքացի: 
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ, անկախ հաշվառման վայրից, անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն նաև Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները՝ այրին, անչափահաս երեխաները, ծնողները: Նշված խմբի անդամ է շուրջ  13500 շահառու: 
***
Երևանի 100-ամյա բնակիչներին քաղաքային բյուջեից 1,000,000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն կցուցաբերվի: Վերլուծելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվությունը՝ 2018-2023թթ․ ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մինչև 30 բնակիչ։ 
***
Երևանի 2024թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով կներգրավվի աուդիտորական ծառայություն։  
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել