ArmLur.am-ը գրում է․

Հունվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձն ավելի թանկ է լինելու, քան օրինակ Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում կամ Պրահայում։

Այսօր գործող տրանսպորտային վճարային համակարգը կա՛մ 100 դրամանոց մետաղադրամներով, կա՛մ էլ օնլայն ուղետոմսերով, մայրաքաղաքում իսկական կոլապս է առաջացրել։ Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից:

Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Հասկանալու համար, թե հաջորդ տարեսկզբից մայրաքաղաքում որքան է թանկանալու հանրային տրանպորտի ուղեվարձը, առաջարկում ենք լսել՝ ինչ համակարգ է ներդրվելու։

Փետրվարին հայտարարվեց, որ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագները էապես կբարձրանան․ քաղաքապետարանում շրջանառության մեջ էր դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով տարբեր սակագնային փաթեթներ էին առաջարկվում (մեկանգամյա, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյա, տարեկան): Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ կմտներ 2024 թվականի աշնանը։

Նախատեսվում էր, որ 100 դրամի փոխարեն ուղևորները, կախված փաթեթից, կվճարեն 100-ից մինչև 260 դրամ։ Այն ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասել էր, թե ուղևորության ինքնարժեքը, ամենահամեստ հաշվարկով, այժմ 220-230 դրամ է։

Ավելի ուշ, քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում փոփոխություններ կատարվեցին․ հանրային դժգոհության ֆոնին նախորդ նախագիծը հետ էր կանչվել և ուղարկվել լրամշակման։

Լրամշակումից հետո այն ունի հետևյալ պատկերը․ հունվարի 1-ից 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ, 7 օրվան փաթեթը՝ 4800 դրամ, 30 օրվանը՝ 8800 դրամ, 90 օրվանը՝ 23.600 դրամ, իսկ 1 տարվանը՝ 88.800 դրամ։

Ըստ որոշման՝ 1 և 7 օրվա ուղետոմսերի դեպքում երթևեկության քանակը կլինի սահմանափակ՝ համապատասխանաբար 8 և 30 անգամ, մյուս փաթեթների դեպքում՝ անսահմանափակ։ Տեղեկացնենք նաև, որ նշված արժեքները գործում են բացառապես օնլայն տարբերակով ուղետոմս գնելու դեպքում, իսկ ֆիզիկական տոմս գնելու դեպքում դրանք ավելի թանկ են՝ համապատասխանաբար՝ 900, 5000, 9000, 24.000 և 90.000 դրամ։ Կգործեն նաև 90 րոպեանոց ուղետոմսեր՝ 280 և 300 դրամ արժեքով։

Նման խառը թվաբանական պրոգրեսիան կարող է կոլապս առաջացնել ոչ միայն տրանսպորտային համակարգում, այլ նաև քաղաքացիների գրպանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել