ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103,261,200 դրամ մաքսային վճարներ, որից 40,761,000 դրամը՝ մաքսատուրք, իսկ 62,500,200 դրամը՝ ԱԱՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103, 410,000  դրամի չվճարված վճարների գումարը:
Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել