Lurer.com-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ ներկայացել է վերնաշապիկով, որի վրա գրված է եղել՝ «Կրկին փոքրացնենք Ռուսաստանը»։ Սա համացանցում քննարկումների մեծ ալիք է բարձրացրել, ու նույնիսկ Ռուսաստանում արձագանքել են դրան։
Հարկ է նշել, որ վերնաշապիկի վրա գրված է «make russia small again», ինչը բառացի թարգմանվում է՝ որպես «Կրկին փոքրացնենք Ռուսաստանը»: Այս արտահայտությունը հիշեցնում է Դոնալդ Թրամփի «Կրկին մեծացնենք Ամերիկան» կարգախոսը։
Զելենսկին այս շապիկը ստացել է հոկտեմբերի 23-ին՝ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նախագահի աշխատակազմը լուսանկար է հրապարակել, որում երևում է պետության ղեկավարին այն հանձնելու պահը։
Այս ամենին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր մեկնաբանության մեջ նա կրկին խոսել է Կիևի գրավման մասին։
«Փոքր ինչի՞ պես՝ ԽՍՀՄ-ի՞, Ռուսական կայսրությա՞ն: Օ՜, հասկացա՝ Կիևյան Ռուսիայի պես: Դրա համար մեզ պետք է Կիևը: Դու ինքդ ասացիր, գրողի տարած հիմար»,- ասել է Զախարովան: