Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես ՀՀ քաղաքացիները, կարող են գնալ և օտարերկրյա պետությունում հայցել ապաստան, բայց չեն կարող գնալ և ավտոմատ ապրել փախստականի կարգավիճակում։ Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար առաջին մուտքի երկիրը ՀՀ-ն է, և Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ միջազգային պաշտպանության գործիքը կիրառել է՝ տվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչը սովորական փախստականի կարգավիճակին հավասար դրսևորում է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության պետի տեղակալ Նելլի Դավթյանը պարզաբանել է մի շարք հարցեր՝ կապված արցախցիներին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի, դրա նշանակության մասին և նշել՝ ինչու է կարևոր երկրից մեկնելիս անպայման ունենալ ժամանակավոր պաշտպանության վկայական (ԺՊՎ)։

Դավթյանի խոսքով՝ քանի որ ՀՀ-ն արդեն ապահովել է մարդկանց կյանքի, իրավունքների անվտանգությունը, մարդը երկրորդ անգամ նույն պաշտպանությունը որևէ այլ պետությունից խնդրել չի կարող։

«ՀՀ-ն ԵՄ անդամ պետությունների մեծ մասի կողմից (հատկապես 2018թ․ քաղաքական իրադարձություններից հետո) դասվել է ապահով երկրների շարքը։ Ցանկացած ապաստանի հայց, որ գնում է ՀՀ-ից, ենթակա է մանրազննին քննության՝ արդյոք ապահով երկրում կա՞ այնպիսի դրսևորում, որ մարդու կյանքին, իրավունքներին վտանգ է սպառնում»,- նշում է Դավթյանն ու ներկայացնում վերջին 3-4 տարիների կայուն վիճակագրությունը՝ ապաստան հայցերի մոտ 96 տոկոսը մերժվում է։

Ինչո՞ւ որոշվեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

1951թ․ ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայով սահմանվում են միջազգային պաշտպանության սկզբունքները։ Կոնվենցիային միացել է 160 պետություն։ Դավթյանի խոսքով՝ աշխարհում ընդունված պրակտիկան հետևյալն է՝ ապաստանի հայցին հաջորդում է փախստականի կարգավիճակի տրամադրումը կամ մերժումը։ Եթե պետության որոշումը դրական է, անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Դա դառնում է վկայություն այն մասին, որ մարդը գտնվում է միջազգային պաշտպանության ներքո։

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար որոշվեց այնպիսի գործիք կիրառել, որի շնորհիվ ապաստանի անհատական հայցեր քննելու կարիք չլինի։ Կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ամբողջ տեղահանված բնակչությանը տրվեց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը, ըստ էության, նույն փախստականի կարգավիճակն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել