Lurer.com-ը գրում է.

2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով։ Միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվեց խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ 

Համեմատաբար շոգ եղանակներ դիտվեցին սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ օդի առավալեգույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում հասան 35-37°C-ի։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում գրանցված օդի առավալեգույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում կազմել են 39-40 °C, իսկ Մեղրիում մինչև 40․8 °C։   

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 16․4 °C՝ գերազանցելով նորման 3․2 °C-ով, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ սեպտեմբերը դիտվեց 1951 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմեց 111․4 մմ, նորմայից գրեթե 4 անգամ ավել, իսկ ամենաչորը 2007 թվականի սեպտեմբերն էր ընդամենը 1․7 մմ տեղումների քանակով։ 

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սկսած 1935 թվականից սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 5 մմ-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել