Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի իրականացրած հատուկ գործողությանը:
Նա նշել է. «Երեխաները դասի են եղել, դպրոց են ներխուժում իրավապհ մարմինների ներկայացուցիչներ: Կոնկրետ իմ երկու տղաներն այդ դպրոցում են սովորում, ես եմ այդտեղ սովորել, հայրս է սովորել: Մասկաներով մարդիկ են մտել գոռգոռոցներով, երեխքեն էլ ի՞նչ իմանան՝ ովքեր են: Կոնկրետ տղաս ասաց, որ իրենց դասընկերներով իմացել են ահաբեկիչներ են, լեղապատառ են եղել, փախել են մեկը աջ, մեկը՝ ձախ եւ այլն:
Այո, լուրջ կասկած կա այդ ուսուցչի վերաբերյալ: Ես պահանջում եմ, որ արդարացի, արդյունավետ քննություն իրականացվի, որովհետեւ բոլորիս է հետաքրքրում, թե ովքեր են մեր երեխաների ուսուցիչները: Այո, եթե հիմքերն առկա են, պետք է ամենախիստ խափանման միջոցը կիրառվի:
Բայց տենց ձերբակալելու իմաստը ո՞րն էր: Մասկաներով մտնում եք, երեխեքին լեղապատառ եք անում, որ ի՞նչ: Ես պատկերացնում եմ հենց այդ դասարանի երեխեքի վիճակը, որ դասի են, մեկ էլ մտնում են, տապալում են ուսուցչին, իրենց աչքի առաջ տանում են ու չեն հասկանում՝ ովքեր էին:
Երեխեքը ահավոր վախեցել են, հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել:
Այդ անձը կասկածվում է ամենաայլանդակ բաների, անառակաբարո գործողությունների մեջ: Բայց էնպես չի, որ էդ պահին ձեռքի ռումբ կար ու պայթեցնելու էր: Հնարավոր չէ՞ր դա անել երեխաներին վնաս չհասցնելով, դպրոց այդպես չներխուժելով: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ չի կարելի նման բան անել, իրենք երեխա չունե՞ն»:
Ռուբեն Մելիքյանը վստահություն հայտնեց, որ սա պետք է շատ խիստ արձագանքի արժանանա, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն. «Իրավապահները հասկանան, որ ամեն ինչին ձեւ կա, չափ ու սահման կա: Դուք չեք հասկանո՞ւմ, որ էնտեղ բոլորը երեխաներ են, որ կվախենան: Կարող է տարիներով մեջներից դուրս չգա վախը, գիշերները չեն քնի, մղձավանջներ կտեսնեն: Ձեր երեխեքը էնտեղ չեն սովորում, դրա համա՞ր եք տենց անում:
Ես խոսում եմ որպես ծնող եւ կոչ եմ անում մյուս ծնողներին էս հարցն այսպես չթողնել, հանրային պահանջ ձեւավորել, որ այն մարդը, որ էս հրահանգը տվել է, էս ձեւով իրականացնելու օպերացիան, հրապարակավ ենթարկվի պատասխանատվության: Պետք է հանրությունը տեղեկացվի կարգապահական խիստ միջոց կիրռելու մասին այդ անձի նկատմամբ, որ դաս լինի մյուսներին»:
Ավելի վաղ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր էջում գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։