Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնել են «Թաթոյան» հիմնադրամից:

Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ:

Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում, մասնավորապես, քննարկելով`

1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:

2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:

4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:
Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն):

5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:

6. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական հետագա հանցանքները:

Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել