Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ:
Ողջունելով աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները և լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու, ՀՀ զինված ուժերի սպա դառնալու հեռանկարի մասին:
Պաշտպանության նախարարն աշակերտներին ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ընդգծել զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը:
Սուրեն Պապիկյանը նաև պատասխանել է աշակերտներին ու կուրսանտներին հետաքրքրող հարցերին:
Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառման կարգին։
Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետա մրցաձևից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid02fX7NhgfJzxB6MirFb5QcWz66npqLzd3DbiNXvRL6BVN64w2bC7uQHdTfZHSWSyHvl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել