Դու իմ թալիսմանն ես եղել միշտ: Բայց ոչ այն սովորականներից, ո՛չ դրամապանակիս փոքր անկյունում և ոչ էլ զարդատփիս խորքում պահված,ո՛չ…Ո՛չ սովորականներից, այլ հեռու և սրտիս մեջ…Իսկ մի՞թե այդպես լավ չէ: Ախ, ո՛չ, լավն ինչ է որ: Մի՞թե այդպես ապահով չէ ավելի: Ի վերջո ես երբեք չեմ ունենա այն մտավախությունը, թե կարող ես ընկնել, թե կարող եմ քեզ կորցնել…Սակայն սրտից չեն ընկնում,միայն գնում են, որպեսզի դարձյալ գան, մնան կամ կորչեն գրողի ծոցը: Չեն ընկնում սրտից, ո՛չ…Ո՛չ սովորականներից: Հեռու: Եվ սրտիս մեջ: Հավե՜րժ: Հավե՞րժ: Հավերժն ի՞նչ է: Հավերժը բառ է,բառը` թանաքի խաղ: Թանաքն արցունք չէ,որ ակամա թափվի: Ուրեմն մատնե՜րս են,մատնե՜րս են խաղում, խառը-մառը թղթերն անվերջ մատներս են խառնու՜մ,խառնու՜մ…
Այս ի՞նչ նոր ձև է գրելու: Երես եմ առել,ի՞նչ է…Մտքիս եկածը տալիս եմ թղթին, դնում եմ բազմակետեր…Վերջում ծուլորեն հավելում ` Ն.Գրիգորյան: Իրոք, այս ի՞նչ նոր ձև է: Գրածս ի՞նչ է, գրածս ի՞նչ չէ, եսիմ ինչ է, մեր մեջ ասած` ոչինչ է..Թե կուզես ասա արձակ է, կուզես ` չափածո..Ո՛չ, չափածոն իմը չէ,իսկ հայերենը չափածոի լեզու է.ես հայերեն չեմ գրում,ես անգլերեն չեմ գրում, ռուսերեն էլ չեմ գրում,ես չեմ գրում…Դե լավ,լավ…Գիշերը կես է եղել,իսկ կեսը քիչ է, քչից հագեցում չկա, հագեցումը ժամանակվոր բան է,ժամանակավորը` անցողիկ…Ուրեմն թողնենք, թող անցնեն գիշե՛րն էլ, քի՛չն էլ…Չեղածն էլ..Թե կուզես…
Դու իմ թալիսմանն ես եղել: Ես քեզ չեմ պահել հին հուշատետրիս կազմի տակ, չեմ խնամել, չեմ խնդրել քեզ գործել հրաշքներ, հեռու պահել փորձանքներից, չե՛մ սիրել նաև, չե՛մ սիրել, չե՛մ սիրել…
Թալիսմա՜ն: Թալիսմանն ի՞նչ է: Քա՞ր է, շղթա՞ է, նկա՞ր է, ի՞նչ է…Ո՛չ,այդ չէ, այդ չէ…Սիրտ է, իսկ սիրտը նույնպես քար չէ, իր չէ, միշտ չէ որ մեծ է, միշտ չէ որ սեր է, և միշտը հեչ էլ սեր չէ, սերն ինքը միշտ չէ: Միշտը բառ է, բառը` խաղ…Մատնե՜րս են խաղում..Ես էլ եմ խաղում…Թալիսման չունեմ պարանոցիս վրա, թալիսմանն իր չէ…Սիրտ է…Հեռվում…
Հեռուն կարո՜տ է:
Կարոտը դու ես:
Իմ թալիսմանն ես եղել միշտ: Ո՛չ, ո՛չ սովորականներից, այլ հեռու և սրտիս մեջ..
Հեռուն կարո՜տ է,
Հեռուն կարո՜տ է
Նյութի աղբյուր՝ http://noragrig.wordpress.com/2013/09/21/%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%BF-%D5%A7/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել