Նոր օրվա հետ արթնանում են նախկին տարիները…վերածված օրերի, ժամերի…
Ամեն նորն արտացոլում է հին, անցած, մոռացված մտքերի, երազների պատկերները: Ամեն նոր օրվա մեջ կա լույս՝ անցյալից. կա հույս, որ այդ լույսը մի օր կխամրի:
Նոր մարդ, նոր զգացմունք, որը ժպտալով սպառնում է սպանել մինչ այդ եղած ցավն ու խավարը: Շոյելով սպառնում է դառնալ այն լույսը, որը կդադարի համեմատվել անցյալի հետ և կսփռվի ժամանակին համաչափ: Նոր մարդիկ չեն շտապում:
Սիրտս բաբախում է, հասկանալով, որ ամեն ինչ դառնում է աներևույթ և թեթև, թեթև… Ինձ թվում է, թե կարող եմ դիպչել իմ ստեղծած երազանքին, համբուրել նրան, պատմել իմ մասին, լսել ձայնը…
Մի օր, մի նոր օր հասկանում եմ, որ ամեն ինչ սխալ է եղել. մինչ այս պահը…
Աչքերս փակում եմ և քեզ հետ միասին մոռանում ուրիշ մարդկանց, ինձ տանջող մտքերը, անցյալը, ձեռագիրս.. Փոխում եմ տիեզերքի կենտրոնը և դառնում բազմահազար աստղերից ամենապայծառը՝ քեզ համար:
Բայց դու այնքան հեռու ես:
Նայում ես ինձ հեռվից, ժպտում , հետևում ձեռքերիս շարժումներին, հասկանում ամեն շունչս ու մտքումդ մեղադրում ինձ ավելորդ ռոմանտիկ լինելու մեջ…
Դու չես ուզում մոտենալ, իսկ ես շարունակում եմ համառորեն ջնջել անցյալի հետքերը….
Նյութի աղբյուր՝ http://angelanstra.wordpress.com/2013/09/21/%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82-%D5%A5%D5%BD/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել