Իշխանությունները շատ լավ գիտեն զոհված զինծառայողների թիվը, ի՞նչ դժվար է այդ հարցը ճշտելը. Իրենց դա չի հետաքրքրում, որ ճշտեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնող Գոհար Դավթյանը:
Նա հայտարարեց, որ ոստիկանները ամեն ձեւով ծառայում են Նիկոլ Փաշինյանին, ընդունակ են ամեն ինչ ծախեն, սրբություն, ինքնասիրություն չունեն. «Եթե ունենային, իրենց գլխարկները վայր կդնեին, կասեին՝ մենք չենք ծառայում թուրք շներին: Իշխանությունները բոլորը թուրք շուն են, վաղն էլ մուսուլմանություն կընդունեն»:
Անդրադառնալով նրան, որ զոհված զինծառայողների որոշ ծնողներ մասնակցում են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ընդունելության, հաճույքով լուսանկարվում են նրա հետ, Գոհար Դավթյանն ասաց. «Սրբություն չունեցող այդ ծնողները ոչ հայրեր են, ոչ մայրեր են: Ուղղակի իրենց բախտը բերել է, որ այդքան հրաշք որդիներ են ունեցել, բայց իրենք իրենց կյանքով ապացուցում են, որ իրենց որդու արժանի ծնողներ չեն եղել: Եթե լինեին՝ կպայքարեին, գոնե կլռեին իրենց անկյունները կմտնեին, ոչ թե կգնային Աննա Հակոբյանի հետ պար կգային, խրախճանքներ կանեին»:
Նա հավելեց, որ ինչքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այնքան լավ կլինի թե իր համար, թե բոլորի համար. «Թող գա, ես իրեն բացատրեմ, թե ինչ է հայրենասիրությունը: Ինքը շատ հեռու է հայրենասիրությունից: Ինքն ամենամեծ դավաճանն է աշխարհի վրա»:
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները, որոնք Եռաբլուրում էին նախօրեից, լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ հավաքվել են այնտեղ, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը Եռաբլուր: