Մենք,
որ այսչափ սիրեցինք բառերին,
եվ բառերով սիրեցինք միայն,
ու սիրեցինք նաիվ
Աստծուն, Մորը, Երեխային ու Երկրին այս անկախ,
անկախական սիրով, բառով՝ առանց բայի...
Եվ սիրեցինք, իբրև արդարացման միջոց,
Եվ սիրեցինք՝ հանուն մեր սեփական մաշկի,
Պաշտպանվելով մեզնից ու վախերից մեր ճոխ,
Եվ սիրեցինք սրտի ատելանքով ամբողջ,
խեղդվելով այս անկանոն ու չստացված սիրո
չափաբաժնից, քանզի դարձանք անսեր ամբոխ՝
Մեր առանձին, ազատ սերերի մեջ մթար,
Մեր մասնավոր հույզի երջանկությամբ զոռով,
Եվ թաքնված հույսի դժբախտությամբ արդար...

Մենք, որ այսչափ ծեր ենք
սակայն Քսաներկու
(երանելի տարիք, երանելի~…),
սիրելի ենք այսքան՝ բիբլիական ձեռքում,
մեր ճակատը՝ պաղած հյուսիսային հողմից,
Եվ մեր լեզուն՝ վառված՝ երգից հարևանի,
Մեր աչքերը շաղված՝
օվկիանոսից այնկողմ խոստումներից վաղվա,
Մենք պատերազմ տեսած՝ խաղաղության կոչով,
Մենք նահատակ եղած՝ ապացուցած ողջով…

Մենք փնթփնթան ծերուկ,
անհեռատես ջահել…
Մեր սրտերում՝ Աստված,
լեզվին՝ նեռ ու ճառեր…

Այսօր, ոչինչ, ոչինչ մի խոստացեք իրար,
Եվ կենացներ պետք չեն, թատերգական ոճով…
Այսօր, լռեք մի պահ, միահամուռ, արա՜ր,
Լսենք՝ ի՞նչ է ասում Տերը...մահապարտի կոչով….
տոնական,,,,դիցուք ՝ չափածո///
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
ԱՄԵՆԵՑՈՒՍ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել