«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, և այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին, անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։

«Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան:

Առաջին հայացքից թվում է, թե մրցույթը օրենքների խախտմամբ է կայացել, սակայն, ըստ Գոհար Հարությունյանի, վերջին երկու տարում «Միսս տիեզերք» մրցույթի կազմկոմիտեն փոխվել է, որի հետևանքով էլ քաոս է ստեղծվել։

Նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, այնուհետև Endeavor’s IMG–ն գնել էր մրցույթի կազմակերպման իրավունքը, որը 2 տարի առաջ վաճառել է Thailand’s JKN–ին։

«Այն ժամանակ կային խիստ դրված օրենքներ, որոնց ես հետևում էի։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցել «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե իրենք չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, պետք է լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը` անկախ տարիքից, ամուսնացած լինել–չլինելուց, երեխա ունենալ–չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, ով կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը։ Նախկինում ազգային տնօրենի համար էլ կային հստակ ստանդարտներ։ Խիստ հետևում էին, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մրցույթի մասնակիցներին, կազմակերպմանը և այլն։ Հիմա գումարը տուր, դարձիր ազգային տնօրեն»,– ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել