Civilnet.am-ը գրում է.
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է։ Սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։
Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նվիրատվոթյունը հետաձգվում է ևս մեկ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը։
Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս, պայմանագրի հետաձգումը պատճառաբանվում է տեխնիկական խնդիրներով։ «Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը՝ վերոնշյալ գործարքների ավարտից հետո տեղի կունենա պայմանագրի կնքումը»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 2023-ի փետրվարին՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։