Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, իսկ տղան տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վարորդը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մահացածն ու վիրավորը քույր ու եղբայր են։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։