Դու տխուր ես, որովհետև դու ապրում ես: 
Սխալների ցավը, վերապրումները, խղճահարությունները …այդ բոլորի պատճառը, որ դու ապրում ես:
Դու ՄԱՐԴ ես, որն ունակ է ինչ որ բանի:
Մարդ, որն ինչ որ մեկի համար նշանակում է ավելին, քան տիեզերքն է:
Դու զգում ես, անընդհատ մտածում, խորհում, լսում սրտիդ, հուսահատվում ու գտնում ես քո մեջ ինչ որ ուժ հավատալու, որ լավ կլինի:
Դու ապրո՜ւմ ես:
Ցանկացած ցավ քո մեջ արձագանքում է մի այլ ձայնով ու խորհրդանշում քո կենդանի լինելը, 
Ապացուցում քո ես-ին, որ քո կյանքը հույսերի ու հույզերի մի եռացող կաթսա է:
Տիեզերքում քեզնից առավել կատարյալ արարած չկա:
Մի վախեցիր հույզերից, ապրիր սրտիդ լսելով:
Լա՛ց եղիր, եթե քեզ լքել են:
Բղավի՛ր, եթե քեզ վիրավորել են:
Եթե բախվել ես սիրո հետ, զգա՛ նաև նրա ցավը:
Արցունքների միջից փորձիր ծիծաղել…
Մարդ, ով փախչում է այս բոլորից, փախչում է ինքն իրենից:
Թող դու զգաս ցավը, թո՛ղ քո այսօրվա երազանքը չիրականանա, թո՛ղ քեզ անվանեն ամենաթույլ էակը աշխարհում, ու դա հաստատ կլինի ցավոտ, որովհետև ապրո՜ւմ ես…
Այս ամենը քո մասին էր, իսկ ես վաղուց եմ մահացել…
Ճանապարհը կորցրած վաղորդյան սառը քամին նստել է պատուհանիս տակ:
Պատուհանիս տակ մոլախոտեր են ու խնկահոտ:
Որտեղի՞ց խնկահոտ:
Ա՜, քամին…
Խնկահոտը հիշեցնում է այն ծեր տատիկին, որը զգույշ ու խնամքով թաշկինակի միջից հանում ու վերջին կոպեկն է տալիս գերեզմանների մուտքի մոտ նստած աղքատին:
Աղքատն էլ ի նշան երախտագիտության, օրհնանքի փոխարեն ասում է:
- Ինչ ճանապարհով որ հասնես քո գերեզմանին, նույն ճանապարհով չվերադառնաս դեպի գերեզմանոցի ելք, դա վատ նշան է…
Մի գուցե քամուն խնդրեմ նորից փորձի ու այս անգամ բերի քո բույրը, որն արդեն չեմ հիշում:
Բայց քամին իմաստուն չէ այն աղքատի նման - նույն ճանապարհով կվերադառանա…
Դե ի՞նչ արած…
Պատուհանիս տակ մոլախոտեր են ու խնկահոտ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել