ArmLur.am-ը գրում է․

Շարունակվում է առեղծված մնալ ՌԴ քաղաքացու մահվան դեպքը։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քաղաքացու մարմնի վրա որեւէ հետք չեն գտել, ուստի վարկածներից մեկը, որ քննվում է, կապված է դեպքի վայրում առկա հեծանիվի արգելակների հետագիծի հետ։ Իրավապահները կասկածներ ունեն՝ կամ նա արագ է վարել ու արգելակել է, ինչն էլ դժբախտ պատահար է դարձել, կամ մեքենա է տեսել ու կտրուկ արգելակել է. ինչեւէ հետեւենք քննության ընթացքին։

Հիշեցնենք, որ 2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին կորել է։

Մարդու անհետ կորելու վերաբերյալ պատշաճ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Օգոստոսի 21-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում 2002թ․ ծնված Մ․ Լարինի դին հայտնաբերվել է Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում։

Քննիչը մեկնել է դեպքի վայր։ Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն։

Դիակի արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել