ArmLur.am-ը գրում է․


2021 թվականի սեպտեմբերի 30-ին կալանավորվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի կալանավորումից հետո ուշագրավ գործընթացներ սկսվեցին:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Տոնոյանն անցնում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու քրեական գործով: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է:

Տոնոյանը Սերժ Սարգսյանի կառավարությունում զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, դրանից առաջ էլ 7 տարի զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Փաշինյանի կառավարության պաշտպանության նախարարը, որն այժմ մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար, առավել հայտնի է 44-օրյա պատերազմից առաջ հայտարարած թեզով՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։

Դավիթ Տոնոյանն առաջիններից էր, որ 2018 թվականին դարձավ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ։ Պաշտոնից ազատվեց պատերազմի ավարտից տասն օր անց՝ նոյեմբերի 20-ին։

Կալանավորումն ու հետեւանքները

Կալանավորումից հետո սկսվեց Դավիթ Տոնոյանի հայտարարություններն ԱԱԾ մեկուսարանից։

«Ճակատագրի դառը հեգնանք կա նրանում, որ երկու տարի շինծու քրեական գործով գտնվելով անազատության մեջ, այսօր գրում եմ իմ դպրոցական ընկերոջ և զինակիցների մասին, ովքեր հայտնվել են թշնամական իշխանության բանտում: Հայրենի իշխանությունների բոլոր ճյուղերի «ջանասիրության» շնորհիվ կտրված եմ արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորությունից եւ, ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին…: Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ խոսելու գավառամտության հետևանքով չչեզոքացված մարդկային աղետի վերաբերյալ….։

Փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում, վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․

Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել եւ լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը»:

2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո վերջինս հրապարակային հանդիպում պահանջեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, որտեղ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությանն էր հրավիրվել նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությունը, անժամկետ կալանավորված լինելու հարցը:

ԱԱԾ մեկուսարանից՝ Ազգային ժողով ու ազատումները

2023 թվականին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը պահանջեց Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից ուղեկցել Ազգային ժողով: Այս տեղափոխությունը շատերի համար ճակատագրական դարձավ։ Նախ առաջինը պաշտոնից ազատվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը։

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը թեեւ խորը արմատներ ուներ, բայց կոնկրետ նրա մի քայլը դարձել է ճակատագրական:

Օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուկեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա:

ԱԱԾ մեկուսարանի պետի ազատումը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արման Մելքոնյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին էր, որին եւս չներվեց Տոնոյանի կողմից մորը տեսակցելու հարցը:

Բանը հասավ գործով դատավոր Վահե Դոլմազյանին պատժելուն, սակայն իշխանությունները նրան ներեցին՝ ցույց տալով, որ Դավիթ Տոնոյանի կողմից մայրիկին տեսակցելու հարցում թերացել է արդարադատության նախարարությունը, եւ նախարար Գրիգոր Մինասյանի ղեկավարած կառույցը չի կարող մաքրվել այս պատմությունից։

Եվ ահա շուրջ 3 տարի կալանքի տակ մնալուց հետո Տոնոյանն ազատ արձակվեց 15 միլիոն գրավի դիմաց ու ԱԱԾ մեկուսարանից ոտքով գնաց տուն:

Ի՞նչ է սպասվում հետո, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել