News.am-ը գրում է․

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա ծննդկան է մահացել։ 20-ամյա Մարինե Պողոսյանը Տավուշի մարզի Զորական գյուղից էր, 11 ամիս առաջ էր ամուսնացել ու երեք ամիս անց հղիացել։

NEWS.am-ին մահացած ծննդկանի հարազատը, որի խնդրանքով անուն-ազգանունը չենք հրապարակում, պատմում է, որ կինը հղիության առաջին երեք ամիսներին որևէ գանգատ չի ունեցել, ընթացել է բնականոն հունով․

«Հղիության 3-րդ ամսում մենք տարել ենք Վարդենիսի պոլիկլինիկա ու գրանցել այնտեղ։ Բոլոր ստուգումներն ու անալիզները տվել է, բժիշկները մեզ ասել են, որ հղին որևէ առողջական խնդիր չունի, ամեն ինչ նորմալ ընթանում է։ Ամեն ինչ սկսեց 5-րդ ամսից․ շունչը պարբերաբար կտրվում էր, հազում էր, տարանք իր բժշկի մոտ, բժիշկն ասաց, թե թոքաբորբ է, ուղեգիր տվեց, ուղարկեց Հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժզննում անցավ, բժիշկները հերքեցին, թե թոքաբորբ է, ասացին՝ իբր պտղաջրերը քիչ է և այլն, դրա հետևանքով է հղին հազում, այլ խնդիր չկա, սիստեմաներ նշանակեցին, ընդունեց, այդ ընթացքում հիվանդանոցում մոտ 15-20 օր պառկեց։ Դրանից հետո սկսվեց մոտը թուլություն, սակայն մենք տարօրինակ ոչինչ չէինք նկատում, ենթադրում էինք, որ հղիություն է, հնարավոր է նաև նման խնդիր առաջանա։ Մեր ապահովության համար մենք տարել ենք նաև իր հսկող բժշկի մոտ, որը ասել է՝ նորմալ է, հղիության ընթացքում նման նշաններ լինեն։ Ընդ որում, իր շրթունքներն էլ կապտել էր, ձեռքերի եղունգներն էլ էր կապտել։ Մարինեն ամեն անգամ որ գնում էր ստուգման, երեխայի ամսականի վերաբերյալ տարբեր թվեր էր ասում բժիշկը, մեկ ասում էր՝ սխալվել եմ, ոչ թե 6 ամսական է, այլ՝ 5, հետո այլ թիվ էր ասում»։

Հարազատը պատմում է՝ հղիության 6-րդ ամսում Մարինեն հերթական կոնսուլտացիային էր գնում, երբ շենքի աստիճանները բարձրանալիս սկսեց հևալ ու կտրուկ վատացավ․ «Մենք իրեն տեղափոխեցինք Երևանի մի քանի հիվանդանոցներ, սակայն հղիին չընդունեցին՝ տարբեր պատճառաբանություններով, նշելով, թե իրենց հիվանդը չէ և այլն, սակայն Աստղիկ ԲԿ-ում ընդունեցին։ Հիվանդանոցից փոխանցեցին, որ պետք է կեսարյան հատում անեն, մենք ասել ենք ծննդկանին փրկեք։ Հիմա էլ սուտ լուրեր են տարածվում, թե ասվել է՝ երեխային փրկեն, մորը՝ ոչ, նման բան չի եղել, հղին այն վիճակում չէր, որ կարողանար խոսել ու ասեր՝ ինձ մի փրկեք, երեխային փրկեք։ Վիրահատությունից որոշ ժամանակ անց Մարինեն մահացել է, սիրտը կանգնել է»։

Մահացած ծննդկանի հարազատն ասում է՝ Մարինեի մահվանից հետո հիվանդանոցից փոխանցել են, որ պտուղը վերջին 5 շաբաթում չի աճել, երեխայի քաշն այժմ 830 գրամ է․ «Այդքան հետազոտությունների ենք տարել, այդ բժիշկը չէ՞ր տեսնում այդ խնդիրը։ Ծննդկանը սրտի կանգ է ունեցել, այդպես մեզ ասացին բժիշկները, հետո պարզվեց նաև, որ ունեցել է սրտի արատ, որի մասին մենք մահվանից հետո ենք իմացել։ Իրենց անփութության, տգիտության հետևանքով 20 տարեկան աղջկան հողը դրեցինք։ Ավելի քան 6 ամիս հղիին որ պահում էր բժիշկը, չէ՞ր տեսնում հղին ինչ վիճակում է։ 830 գրամ է երեխայի քաշը, որը համապատասխանում է 4 ամսականին»։

Ծննդկանի հարազատները 20-ամյա Մարինեի մահվան մեջ մեղադրում են Վարդենիսի պոլիկլինիկայի գինեկոլոգ Անահիտ Խաչատրյանին․ «Վարդենիսի այդ բժիշկը հղիների կյանքի հետ է խաղում։ Մենք արդարություն ենք պահանջում ու մինչև վերջ գնալու ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել