Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից երիտասարդ հայորդիներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։
Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի նպատակն է ուխտագնացությունների, ճանաչողական և մշակութային ծրագրերի միջոցով զորացնել աշխարհասփյուռ հայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։ Տիար Յակուբյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայորդիները Հայաստանում մասնակցում են կամավոր մարդասիրական ու համայնքային տարբեր ծրագրերին, այսօր էլ նախատեսում են կամավորական աշխատանքներ իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվում ճանաչելու Հայրենիքը, զորացնելու ազգային ոգին ու գիտակցությունը։
Հայոց Հայրապետը համոզմունք հայտնեց, որ երիտասարդները հաղորդ դառնալով հայրենի իրականությանը և հայրենիքով առավել ներշնչված՝ իրենց կարողություններն ի սպաս կդնեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և լուսավոր ապագայի կերտմանը։
Վերջում Վեհափառ Հայրապետը հայորդիներին պատգամեց նաև հավատարիմ մնալ նախնյաց արժեքներին, նախանձախնդրություն դրսևորել ազգային ինքնության պահպանման գործում և ակտիվորեն ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել