1.
Ալ համազգեստ չէր հագինը նրա,
Քանզի արյունն ու գինին են կարմիր,
Արյունն ու գինին ձեռքերի վրա՝
Կանգնած էր այնտեղ, ուր դիակ կար մի՝
Անկողնում պառկած խեղճ կինն իր սիրած,
Որին նա դարձրեց անշունչ մի մարմին:
Բանտարկյալների շարքի մեջ դժբախտ՝
Քայլում էր՝ մաշված, գորշ զգեստ հագին,
Թվում էր քայլքն իր թեթև ու զվարթ,
Նայում էր լույսին գլխարկի տակից,
Բայց չէի տեսել, որ երբևէ մարդ
Այդ աչքով նայեր լույս արեգակին:
Նայում էր անհագ, կարոտով խորին,
Հայացքով թախծոտ, լուռ ու անխնդում`
Կապույտ վրանի փոքրիկ կտորին,
Որը երկինք են անվանում բանտում,
Եվ արծաթագորշ սահող ամպերին
Նայում էր անհագ, կարոտով տրտում:
Ցավակիր հոգով ուրիշ մարդկանց մեջ՝
Քայլում էի ես մեկ ուրիշ շարքում:
Ի՞նչ մեղք ունի նա. այս հարցն էր անվերջ
Իմ սիրտը տանջում, միտքս փոթորկում:
«Էն մեկին պիտի կախաղան հանեն»,-
Լսեցի հանկարծ շշուկն ահարկու:
Աստվա՜ծ… պտտվեց իմ աչքերի դեմ
Ամբողջ այդ բանտը, պատերն իր բոլոր,
Այրող սաղավարտ դարձավ պողպատե՝
Իմ գլխի վրա երկինքը կլոր:
Ու թեև ե՛ս էլ ցավակիր հոգի,
Բայց չէի զգում էլ իմ ցավը խոր:
Միայն գիտեի՝ քայլերով արագ
Ինչու է քայլում՝ խոհերի տակ մառ,
Թախիծով անհուն, կարոտով անհագ
Ինչու է լույսին նայում նա համառ:
Այդ մարդն իր սերն էր սպանել կյանքում
Եվ պետք է մեռներ հենց դրա համար:
Բոլորն են իրենց սերը սպանում,
Թող որ այս մասին իմանան իրոք,
Մեկն իր հայացքի դառնությամբ անհուն,
Մեկը քծնանքի շողոմ խոսքերով,
Վախկոտն համբույրով է այդ բանն անում,
Քաջն էլ այդ բանը անում է սրով:
Մեկն սպանում է ծաղկուն հասակում,
Մեկն էլ՝ երբ արդեն տարեց է ու ծեր,
Մեկը Տռփանքի ձեռքով է խեղդում,
Մյուսը՝ Ոսկու ձեռքով մահաբեր,
Իսկ ով բարի է, դաշույն է վերցնում,
Եվ շուտ է սառչում զոհը կարեվեր :
Մեկի սերն է կարճ, մեկինը՝ երկար,
Վաճառում է մեկն, իսկ մեկը՝ գնում,
Մեկն արցունքով է սիրում իր կյանքում,
Մյուսը հոգոց անգամ չի հանում:
Եվ սպանում են… ամեն մարդ, սակայն,
Որպես հատուցում մահ չի ստանում:
Չէ, չի ստանում մահն ամոթալի՝
Որպես իր գործած մեղքի հատուցում,
Եվ նախատինքի օրը սոսկալի՝
Աչքերին սև քող՝ առաջ չի անցնում,
Բանտի հատակից, պարանը վզին,
Դեպի անդունդը քայլն իր չի գցում:
Ամեն մեկը չէ՛ գիշեր ու ցերեկ
Հայացքների տակ կասկածոտ ու լուռ,
Որ հսկում են միշտ՝ լինի սրտաբեկ,
Արցունք թափի թե աղոթի տխուր,
Հսկում են այնպես, որ մեկ էլ հանկարծ
Բանտը իր զոհից չմնա թափուր:
Եվ ամեն մեկը չի զարթնում ծեգին՝
Բոթաբեր անձանց իր խցում տեսնի՝
Դողդոջ Քահանան՝ ճերմակը հագին,
Մռայլ Շերիֆը՝ գույժը վախճանի,
Եվ Բանտապետը սև-զգեստակիր՝
Դալկադեմ տեսքով գոռ Դատաստանի:
Աճապարանքով մի ողորմելի
Չի հագնում շորեր դատապարտվածի,
Երբ կոպտաբերան Բժիշկն է զննում
Եվ նայում դեմքին՝ լուռ ու մտացիր,
Երբ ժամացույցի թակոցները թույլ
Հնչում են ուժով մուրճի հարվածի:
Եվ ամեն մարդ չէ՛ ծարավը սաստիկ
Ավազի նման զգում կոկորդում,
Մինչ պարտիզպանի ձեռնոցներ հագին՝
Դահիճն անաղմուկ իր խուցն է մտնում
Եվ կաշեփոկի ձիգ հանգույցներով
Ծարավն այդ ընդմիշտ խեղդում իր բնում:
Եվ չի էլ լսում գլխահակ ու լուռ՝
Աղոթքը վասն ննջեցյալների,
Երբ հոգեկսկիծ տանջանքը զարհուր
Հիշեցնում է, որ ապրում ես էլի,
Չի անցնում այն ժանտ կամարի տակով,
Ուր իր դագաղն է դրված ահալի:
Հայացքն օդի մեջ՝ չի նայում անվերջ
Տանիքի փոքրիկ լուսանցքից անդին,
Իր աղոթքներով կավե շուրթերով
Չի խնդրում՝ հոգին անցավ ավանդի,
Ու չի զգում իր դողացող այտին
Նա Կայիափայի համբույրն անհանգիստ:
2.
Զինվորն էր քայլում վեց շաբաթ այդպես՝
Մաշված, մոխրագորշ զգեստը հագին,
Թվում էր քայլքն իր թեթև ու զվարթ,
Նայում էր լույսին գլխարկի տակից,
Բայց չէի տեսել, որ երբևէ մարդ
Այդ աչքով նայեր լույս արեգակին:
Նայում էր անհագ, կարոտով խորին,
Հայացքով թախծոտ, լուռ ու անխնդում`
Կապույտ վրանի փոքրիկ կտորին,
Որը երկինք են անվանում բանտում,
Եվ թափառական գանգուր ամպերին,
Որ լուռ սահում են կապույտ երկնքում:
Չէր տանջում ձեռքերն իր խենթ շարժումով
Նրանց պես, ովքեր, ցնորված ցավից,
Փորձում են Հույսը դուրս կորզել մի կերպ
Հուսաբեկության մթին անձավից,
Նայում էր միայն դեպի արևը
Եվ օդն էր խմում ումպով անձկալից:
Չէր տանջում ձեռքերն, անարցունք էր, լուռ,
Չէր նայում ծածուկ, հոգոց չէր հանում,
Բայց օդն էր ըմպում նա այգաբացի,
Ինչպես կազդուրող դեղն են ընդունում,
Արևն էր խմում անհագ բերանով,
Ինչպես ամոքիչ գինին են խմում:
Եվ մենք՝ սրտաբեկ, ցավակիր հոգով,
Ծանր քայլելով մեկ ուրիշ շարքում,
Չէինք հիշում մեր մեղք ու ցավն անթիվ,
Մե՛կ ցավ էր արդեն ներսից մեզ զարկում,
Ու հայացքով գուլ նայում էինք լուռ
Նրան, ում բախտն էր սև ու ահարկու:
Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես
Անցնում էր զվարթ քայլքով իր կրկին
Եվ ինչպես էր լուռ, հայացքով տխուր
Թախծախոհ նայում լույս արեգակին,
Տարօրինակ էր մտածել, որ նա
Պիտի հատուցի սոսկալի մի գին:
Քանզի կաղնին ու թեղին մշտապես
Գարնանն առատ են կանաչ սաղարթով,
Բայց ահավոր է տեսնել օձաթույն
Կախաղանի ծառն իր չոր արմատով,
Եվ տեսնել, ավաղ, որ մարդ ուշ թե վաղ
Նրա պտուղն է դառնալու անթով:
Բարձրաբերձ մի տեղ գահն է նրբագեղ,
Որին ձգտում են մարդիկ հողածին:
Ո՞վ կուզի, սակայն, ձեռքերին կապանք`
Կանգնել մահագույժ տախտակամածին
Եվ վերջին անգամ հայացքով անկամ
Երկնքին նայել կարոտով անծիր:
Ինչ լա~վ է` պարել նվագի ներքո,
Երբ Կյանքն ու Սերն են հաճո մեր սրտին,
Քաղցրաձայն ջութակն ու վինն են հաճո,
Սրինգի ձայնը` անուշ ու նրբին,
Բայց սոսկալի է` քայլ գցել արագ
Դեպի անդունդը անլույս ու մթին:
Հարցախույզ աչքով, հիվանդ կասկածով
Հետևում էինք նրան ամեն օր,
Մեր սրտի խորքում ցավն էր փոթորկում`
Նույնը չէ՞ր լինի մեր վախճանն անզոր:-
Ո՞վ գիտե կյանքում, թե ի՛նչ Դժոխքում
Կխարխափի իր հոգին մեղավոր:
Ու մի օր արդեն էլ չէր քայլում նա
Բանտարկյալների տարաբախտ շարքում,
Եվ ես գիտեի` տարել են նրան
Ու իր սև մեղքի վճիռն են կարդում,
Գիտեի, որ այդ մեղադրյալին
Էլ չէի տեսնի երբեք իմ կյանքում:
Երկու խորտակվող նավերի նման,
Որ հանդիպում են ծովում հողմավար,
Անցանք մենք անբառ, անցանք մենք անձայն,
Բառեր չունեինք ասելու իրար:
Սուրբ գիշերով չէր հանդիպումը մեր,
Այլ վառ ցերեկով` միշտ ամոթահար:
Բանտի պարիսպն էր ձգվում շուրջը մեր,
Մերժված էինք մենք ու վտարանդի,
Աշխարհն իր սրտից դուրս էր նետել մեզ,
Եվ Աստծո գութն էր մեզ վանել անդին,
Ու որոգայթում, մեղքի թակարդում`
Մենք գերին էինք այդ խավար բանտի:
3.
Պարտապանների Բակն է քարերի
Պարսպի ներսում լպրծուն ու թաց,
Այդտեղ էր շրջում և օդն էր շնչում
Երկնքի ներքո կապարե, մթնած,
Եվ երկու կողմից հսկում էին միշտ,
Որ կալանվածը չմեռնի հանկարծ:
Կամ նայում էին գիշեր ու ցերեկ,
Հետևում էին կասկածոտ ու լուռ,
Եվ հսկում էին` լիներ սրտաբեկ,
Արցունք թափեր թե աղոթեր տխուր,
Որ հանկարծ մի օր քայլով ահավոր
Կառափնարանը չթողներ թափուր:
Բանտապետն էր միշտ պահանջկոտ ու խիստ,
Կանոնակարգն էր պահպանում բանտում,
Բժիշկն ասում էր, թե մահն այլ բան չէ,
Քան գիտական փաստ պարզ ու ավարտուն,
Իսկ Քահանան էլ, օրն երկու անգամ,
Աղոթք անել էր միայն ավանդում:
Օրն երկու անգամ իր ծխամորճն էր
Նա ծխում դանդաղ, գարեջուր խմում,
Անդրդվելի էր, հոգով անսասան
Եվ իր սրտի մեջ վախ չէր թաքցնում,
Ասում էր հաճախ, թե շատ է ուրախ,
Որ մահապատժի օրն է մոտենում:
Ինչու՞ էր սակայն ասում նման բան,
Չէր հարցնում նրան և ոչ մի պահակ,
Քանզի ում բանտում հսկիչ են կարգում,
Պետք է լուռ լինի և շուրթերը փակ,
Չպետք է հարցնի, այլ դեմքն իր դարձնի
Անխինդ ու անվիշտ, ինչպես մի դիմակ:
Կամ պետք է գնա և ապա ջանա
Մխիթարվել ու ինքնասփոփվել,
Թե Գութն ի՞նչ անի, երբ Մարդասպանի
Մռայլ որջում է փակվել-ամփոփվել,
Ի՞նչ աղոթես, որ պատժից ահավոր
Եղբորդ հոգին կարենա փրկվել:
Շրջանի մեջ փակ, դողդոջ, գլխահակ`
Խեղկատակների Շքերթն էր շարժվում,
Եվ էլ ի~նչ հոգ մեզ, գիտեինք` այդպես
Սատանայի Սև Ջոկատն էր անցնում
Ու սափրած գլխով, կապարե ոտքով`
Դիմակահանդես էր երթը դարձնում:
Թելատում էինք ձյութած պարաններ
Կեղտակուր, արնոտ մեր եղունգներով,
Դռները մաքրում, հատակը քերում,
Ճաղերը սրբում ճաքած ձեռքերով,
Լվալով հատ-հատ ամեն մի տախտակ`
Աղմկում էինք ծանր դույլերով:
Պարկ էինք կարում, քար էինք մանրում`
Կեղտ ու փոշու մեջ չարչարվում էլի,
Թիթեղին զարկում, օրհներգեր երգում`
Քրտնաջան, անդուլ մեր գործն անելիս,
Բայց ամեն մեկիս սրտում անմեկին
Սարսափն էր նստած լուռ, անպատմելի:
Եվ լուռ էր այնքան, որ օրերն անգամ,
Ինչպես ալիքն է սահում խոտերում,
Անցնում էին ծույլ, ու չէինք հիշում,
Թե բախտն անողոք ինչ է մեզ բերում:
Ուշ լինի թե վաղ, հիմար թե խարդախ`
Ստանում ենք մեր վիճակն աններում:
Մի օր հոգնաբեկ դառնում էինք մենք,
Երբ տեսանք հանկարծ շիրմափոս մի խոր,
Նայեցինք վախով. իր բաց երախով
Մահն էր, որ զոհ էր տենչում թարմ ու նոր:
Գիտեինք արդեն, թե ում կկախեն,
Գիտեինք` մոտ է վախճանն ահավոր:
Բանտ մտանք կրկին` մեր թշվառ հոգին
Վախճանին, Վախին, Վճռին միշտ հառած,
Խավարում անլույս, ծածուկ, սուսուփուս,
Դահիճը սահեց` փոքրիկ պարկն առած:
Սարսուռ ապրելով ու խարխափելով`
Մտա շիրիմն իմ համարակալած:
Այդ գիշեր բանտի միջանցքում անթիվ
Ուրուներ էին թափառում Ահի,
Երկաթ Քաղաքում քայլերով թաքուն
Շրջում էին լուռ` որտեղ պատահի,
Եվ ճաղերից դուրս աստղեր չէին լույս,
Այլ սառած աչքեր դալկադեմ մահի:
Իսկ նա քնել էր, ինչպես քնում են
Փափուկ խոտերում ու երազ տեսնում,
Եվ պահակները, նրան հսկելով,
Այդպես էլ ոչինչ չէին հասկանում`
Ինչպե՞ս կարող է քաղցր քուն մտնել
Նա, ում վախճանն է արդեն մոտենում:
Արթուն են, անքուն, լացում են թաքուն
Նրանք, որ երբեք արցունք չեն թափել:
Մենք` հիմար, ագահ, խարդախ, սրիկա,
Անկարող էինք մեր աչքը փակել,
Եվ մեր ուղեղում ցավի հետ զեղուն`
Ուրիշի ահն էր սողում անարգել:
Ահավոր բան է` զգալ ուրիշի
Գործած հանցանքն ու ցավից տառապել:
Մեր կուրծքն էր ճեղքել սուրը սև Մեղքի
Ու զազիր թույնն էր մեր սրտում պարպել,
Եվ հոսում էր մեր արտասուքը ջերմ
Արյան համար, որ մե՛նք չէինք թափել:
Հսկիչ ու պահակ դռների մոտ փակ
Արագ ու անձայն անցնելով թաքուն`
Նայում էին ներս երկյուղած այնպես,
Տեսնելով մարդկանց ծնկաչոք, անքուն,
Լսելով ապշած` աղոթքը նրանց,
Որ երբեք չէին աղոթել կյանքում:
Աղոթում էինք այդպես ծնկաչոք,
Խելագար ողբում դիակի համար`
Սև կեսգիշերի սգակառքն ամբողջ
Փետուր առ փետուր ցնցելով համառ,
Եվ, ինչպես քացախն սպունգի վրա,
Դառնահամ էր մեր Զղջումն հուզավառ:
Աքաղաղները` թե՛ գորշ, թե՛ կարմիր
Կանչեցին, սակայն օրը չէր բացվում,
Եվ մութ Սարսափի տեսիլքներ հտպիտ
Թափառում էին մեր բանտախցում,
Եվ ամեն ուրու խավար գիշերում
Խաղում էր զարհուր մի ներկայացում:
Եվ սահում էին, թափառում էին`
Մշուշում անցնող ճամփորդների պես,
Լուսնի լույսի հետ բռնած անհեթեթ
Իրենց շուրջպարը` բոլորիս ի տես,
Հտպիտ մի ջանքով և գարշ նազանքով
Պտտվում էին ուրուներն այդպես:
Ծամածռվելով ու ծռմռվելով`
Այդ խառնախմբի ստվերներն արագ,
Սարաբանդի մեջ մի ցնորատենչ,
Պար էին բռնել… Ձեռք ձեռքի` նրանք
Նուրբ նախշեր էին գծում հատակին,
Ինչպես քամու հետքն ավազի վրա:
Պտտվում էին ու շարժվում էին
Խամաճիկներն այդ` լաց ու ծիծաղով,
Սրինգներն Ահի ամեն մի պահի
Օդն էին լցնում սարսուռ ու վախով:
Դիմակներ բազում երգ էին ասում,
Որ մեռյալներին արթնացնեն խաղով:
Կանչում էին պարզ. «Լայն է աշխարհն այս,
Բայց շղթայվածը ի՞նչ պիտի անի,
Երբ զառ են գցում ու բախտ են փորձում
Եվ տեսնում են, թե խաղն ո՛վ կտանի:
Բայց ո՞վ է շահում Մեղքի հետ խաղում`
Տանը Ամոթի և դատաստանի»:
Դրանք օդեղեն կամ աննյութեղեն
Էակներ չէին մութ ու չարագույժ`
Նրա՛նց համար, ով ամուր կապանքով
Շղթա էր կրում զնդանում անհույս…
Տե~ր Աստված, դրանք շնչող, կենդանի
Արարած էին` ահարկու, անլույս:
Մի խառնակույտով, արագ պտույտով`
Պար էին բռնել շարքով անհեթեթ,
Ժպտում էին կեղծ` շրջելով անվերջ,
Աղոթողներիս դյութում սեթևեթ,
Սանդուղքին թառում, մեզ վրա հառում
Ցանկասեր, հեգնոտ աչքերն իրենց խեթ:
Եվ առավոտի քամին էր հեծում,
Բայց գիշերը դեռ ձգվում էր էլի,
Հսկա հաստոցն իր ոստայնն էր հյուսում
Ու սփռում մթան քողը ահռելի,
Եվ մեր աղոթքում վախն էր սողոսկում,
Ու սոսկում էինք Արդար Արևից:
Հեծում էր քամին այդ տխուր ժամին,
Բանտի պատերի շուրջը դեգերում,
Ինչպես պտտվող պողպատե անիվ`
Լուսաբացն էր իր պաղ շունչը բերում:
Ի՞նչ ենք մենք արել, քամի՛ խելահեղ,
Որ տառապում ենք այսպես աններում:
Վերջապես տեսա ճաղերը աղոտ,
Որ ստվեր էին գցում պատերին,
Անկողնուս դիմաց, լույսի թույլ խաղով,
Նշմարվում էր իմ խցի դուռն էլի:
Աշխարհում մի տեղ` բացվում էր ահեղ
Այգն Աստծո` կարմիր ու զարհուրելի:
Ժամը վեցին մեր խուցը մաքրեցինք,
Յոթին ամեն բան խաղաղ էր ու լուռ,
Սակայն չորս կողմից հզոր մի հողմի
Շառաչն էր ասես ճոճում պատ ու դուռ.
Մահվան Տիրակալն իր սառցե շնչով
Գուժում էր այդպես բոթն ահասարսուռ:
Ո՛չ ծիրանի էր հագել պերճաշուք,
Ո՛չ լուսնաճերմակ նժույգ էր տակին:
Պարան երեք յարդ, երբ կանգնում է մարդ
Կախաղանի մոտ` սահող տախտակին.
Ա՛յս էր իր ձեռքին Բանբերը պահել,
Որ գործն իր անի ու շուտ պարտակի:
Ասես լինեինք խոր ճահճում թաղված,
Կեղտ ու տիղմի մեջ խարխափող մարդիկ,
Հոգոց իսկ հանել կամ աղոթք անել
Անկարող էինք` խավարում բանտի.
Մի բան էր մեռել բոլորիս սրտում,
Մեր Հույսն էր մեռել` վշտի մեջ սաստիկ:
Քանզի անողոք Արդարությունը,
Որ մեր աշխարհում ծնունդն է Մարդու,
Քայլում է անշեղ` քայլով մահաբեր
Եվ սպանելով իր ճամփան հարթում,
Թույլին, ուժեղին երկաթ կրունկով
Հայրասպանն այդ բիրտ ճզմում է, ջարդում:
Սպասում էինք, որ ութը զարկի,
Մեր լեզուները ծարավն էր այրում,
Չէ՞ որ թիվը ութ` թիվն է դա անգութ
Ճակատագրի, որ սև խավարում
Իր պիրկ օղակով խեղդում է շարքով
Թե՛ բարի, թե՛ չար մարդկանց աշխարհում:
Էլ ի՞նչ անեինք` սպասում էինք,
Մինչև որ գալու նշանը տրվեր,
Ինչպես մութ հովտում միայնակ, տրտում,
Մունջ արձանացած անշշունջ քարեր,
Բայց զարկում էին մեր սրտերն ուժգին`
Ասես խենթ մեկը զիլ թմբկահարեր:
Եվ հանկարծ տոթում, դողացող օդում
Ժամացույցի զարկն հնչեց այնպես չոր,
Ու ամբողջ բանտից բարձրացավ մեկից
Ողբ համատարած` հուսահատ, անզոր,
Ինչպես որ ճահճում` իր թշվառ որջում
Բորոտն է ճչում ձայնով ահավոր:
Ասես երազի բյուրեղում տեսած
Մի զարհուրելի պատկեր սահմռկիչ`
Տեսանք կանեփի յուղոտ մի պարան`
Կախված սևասյուն հեծանի կեռից,
Լսեցինք` աղոթքն ինչպես է խեղդվում
Դահճի ձեռքերում` դառնալով խուլ ճիչ:
Եվ այն վիշտը, որ խեղդում էր նրան,
Ով դառը ճիչն իր արձակեց ահով,
Ե՛ս զգացի լոկ, էլ ուրիշ ոչ ոք,
Եվ ըմբռնեցի անհուն մի ցավով.
Ով մեկից ավել կյանքով է ապրում,
Նա պետք է մեռնի մի քանի մահով:
Շարունակությունը՝ այստեղ