Lurer.com-ը գրում է.

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը վաստակած մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Վահագն Դավթյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար, պատմել խաղերի ընթացքի մասին․

«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում որքան՝ դժվար է վերջինը ելույթ ունենալը, բայց նաև հեշտ է այն առումով, որ տեսա բոլոր մրցակիցներիս ելույթները, հասկացա, որ պետք է առավելագույն մասնակցություն ունենալ՝ հաղթանակի հասնելու համար:  Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել