ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր:

Մասնավորապես՝ 2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ ՎՄինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ տարբեր անձանց տվել է խոստումներ, շահել է նրանց վստահությունը, և տարբեր ֆինանսական գործարքներ իրականացնելու, տարբեր ծառայություններ կատարելու, նրանց համար անշարժ և շարժական գույքեր գնելու նպատակով կամ որպես պարտք, տուժողներից վերցրել է տարբեր չափերի գումարներ, սակայն չի կատարել խոստացած գործողությունները՝ խաբեության եղանակով հափշտակելով քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գույքը:

Վարույթի շրջանակներում 6 անձ ճանաչվել է տուժող: Վերջիններիս պատճառված վնասի ընդհանուր չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 71մլն. ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՎՄինասյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ):

Որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, վերջինիս նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, նշված անձի կողմից տուժած այլ անձանց հայտնաբերու ուղղությամբ:

Հավելենք, որ նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 41-ամյա նշված տղամարդը այլ քրեական վարույթներով ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, և նշված վարույթներն այժմ դատաքննության փուլում են:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են տուժած լինել ՎՄինասյանի գործողություններից, դիմեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել