ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, Արսեն Աֆիյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ ՄՓ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և 19–ամյա ԼԲ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններս կալանավորված են։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, ով Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ ԴՀն է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա երիտասարդը՝ Լ Բ-ն և 40–ամյա տղամարդը՝  ՄՓ-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ ԼԲ-ն, ՄՓ-ն, ԴՀն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, ՄՓ-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել  իր գոտկատեղում։

Այնուհետև ՄՓ-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց, այդ թվում նաև անչափահասների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԴՀի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է։ ԴՀ-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել