168.am-ը գրում է.
Վերաքննիչ դատարանը չեղարկել է Եղվարդի դատարանի որոշումը, որով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
«Վերաքննիչ դատարանը բեկանեց Եղվարդի դատարանի վճիռը ու որոշեց կրկին կալանավորել Հարություն Գրիգորյանին։ Իրենք տվել էին վճռաբեկ և նամակ են ստացել, որ իրենց հայցը մերժվել է. հիմա ես չգիտեմ՝ դրան երբ պետք է կալանավորեն։ Ես երբ փաստաբանիս հետ խոսեցի՝ նա ասեց, որ դա կմնա կատարածուի վրա։ Ուղղակի ես կուզեմ, որ լուսաբանվի-ցույց տրվի, որ դրան պահում են»,- մանրամասնեց Սամվել Մխիթարյանը։
Փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց պաշտոնից հրաժարական էր տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չէր առաջադրվել. Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Ի դեպ, Հարութուն Գրիգորյանն ինքն էր դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն․ հարազատները տեղեկացրել էին, թե Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել:
Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, նշեց, որ այս պահին խոսակցությունը Հարություն Գրիգորյանին 7 ամիս վաղաժամկետ ազատելու մասին է։
«Իսկ մնացյալը՝ հոդվածի փոփոխություն և այլն՝ ընթացքից կերևա,- հավելեց Կարեն Մխիթարյանը, ապա անդրադառնալով այս գործին, գործում մնացած միակ մեղադրյալին՝ նշեց,- Նիկոլը եթե Տրդատին պահում է, մնացածը հաստատ առաջ չեն գա»։
Ըստ նրա՝ իրավիճակը կփոխվի, եթե այս իշխանությունը չլինի, նույն կարծիքին է նաև հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
«Պետք է կալանավորվի, ես նորից պետք է Վճռաբեկ տամ, որ նորից նստի,- ասաց Սամվել Մխիթարյանը, ապա անդրադառնալով գործով անցնող մյուս՝ արդեն նախկին դերակատարների մասին հարցադրումներին, շեշտեց,- Հինգ տարի է՝ նույն բանն եմ ասում՝ բոլորին հանել են. ես անզոր եմ, ոչ մեկին չեմ կարող մտցնել՝ մինչև կառավարությունը չփոխվի։ Իսկ հիմա ես անզոր եմ, չեն կարողանում իսկական մարդասպանին նստացնել տալ, ինքն ազատ ման է գալիս»։