News.am-ը գրում է.
Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Վեդիի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը:
Ստեփանյանը նշում է, որ ինքը մանկապարտեզի որեւէ դաստիարակից նման վերաբերմունքի չէր սպասում, քանի որ անձամբ բոլորին ճանաչում է, իսկ տեսանյութի դաստիարակին առավել եւս, քանի որ 10 տարի միասին են սովորել նույն դասարանում:
«Այն օրվանից, երբ նշանակվել եմ վարչական շրջանի ղեկավար այդ հարցը շատ խիստ է դրվել, եւ մինչեւ հիմա որեւէ ծնող կամ աշխատակից չի դիմել, որ նման խնդիր կա: Երեկ համացանցից ենք իմացել այս դեպքի մասին, անմիջապես համայնապետը տեղեկացվել է եւ հաղորդում է տրվել ոստիկանություն»,- ասաց նա: Ստեփանյանը նշեց, որ երեխայի ծնողները նույնպես երեկ են իմացել կատարվածի մասին:
«Ես զանգահարել եմ ծնողին, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ երեխայի հետ նման բան է կատարվել, նույնիսկ ծնողները չեն իմացել, քանի որ իրենց հետ ամեն օր շփվում եմ: Ինչքանով որ ես տեղյակ եմ, ծնողները որպես այդպիսին բողոք չեն ներկայացրել, սակայն վարույթ է նախաձեռնվել, եւ իմ կարծիքով նման դեպքերը պետք է առհասարակ բացառվեն բոլոր տեղերում, դա չի քննարկվում: Բայց դե ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի, բայց ճանաչելով այդ մարդուն եւ հասկանալով շարժառիթը հարց է առաջանում, ինչու է մայիսին նկարահանված տեսանյութը նոր է հրապարակվում: Եթե դա չեք պահել ինչ-որ մեկին շանտաժ անելու համար, ինչ-որ մեկին թանկով վաճառելու համար, լավ եթե դուք դա թաքցնում եք, ակյդ մարդը ամեն օր կարող է մի երեխա ծեծեր»,- նշում է համայնքապետը եւ հավելում, որ ինքն էլ չի կարող ասել, թե որն է տեսանյութը հիմա հրապարակելու շարժառիթը:
Ստեփանյանը նշում է, որ դաստիարակը 3 տարի է, ինչ աշխատում է, բոլորի համար էլ շոկային է, որ նման բան կարող էր անել. «Լավ բան չի եղել թե գյուղի համար, թե մանկապարտեեզի եւ թե դաստիարակի համար: Նա մանկահասակ երեխաներ ունի, ծնողներ ունի, համացանցում դնել մի ժամում սարքելմարդասպան, չգիտեմ: Շատ վատ երեւույթ է, շատ տհաճ է , ոստիկանությունը կպարզի, սխալվել է, թող պատժվի, բայց դնել ողջ հանրապետությունով վարկաբեկել, վերջապես հայ կին է, հայ մայր է, թող օրենքի ողջ խստությամբ պատժվի: Բայց զարմանում եմ՝ ոնց կարելի է մի ամիս այդ տեսանյութը պահել, կարող է ամեն օր երեխա ծեծվեր, սպասում էին ինչ-որ պահի, որ հրապարակեին, կպարզվի այս ամենը»:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,. դաստիարակը 72 ժամով կալանավորվել է: