Mediahub.am-ը գրում է․
«Տանն ուրախություն է, այսօր բոլորիս դեմքին ժպիտ հայտնվեց։ Էրիկան, վստահ եմ կփոխի իր ծնողների կյանքը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է երեխայի մորաքույրը՝ Արմենուհին։
Հովսեփյանների ընտանիքը Ստեփանակերտից է։ 2020 թվականին Էրիկը ժամկետային ծառայության մեջ էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց պատերազմ, և այն տևեց շուրջ 44 օր։
«Հոկտեմբերի 2-ին տարածվեց Էրիկի զոհվելու լուրը, նա անմահացավ Մարտակերտի շրջանում։ Երկար ժամանակ քրոջս ընտանիքն ուշքի չէր գալիս։ Երբ որոշ ժամանակ անցավ, առաջարկեցի, որ ուժ հավաքի, երեխա ունենա, գուցե մի քիչ կցրվի, չնայած որ ևս մեկ տղա ու աղջիկ ունի, բայց Անուշը ասաց, որ «ես այդքան ուժեղ չեմ, չեմ կարող»»,- հիշում է Արմենուհին։
Գաղթից հետո, երբ Արցախում է մնացել Էրիկի գերեզմանը, իսկ կարոտն անտանելի է, ամուսինները որոշում են կայացրել, հոգու ցավը մեղմելու համար՝ փոխել կյանքի ընթացքը։
«Վիլենի ու Անուշի համար դժվար կայացված, բայցև սպասված որոշում էր, մանավանդ, որ քույրս բալիկին ունեցավ 42 տարեկանում։ Երեխայի անվան շուրջ երկար չեն մտածել, Էրիկից հետո նա պետք է կրեր Էրիկա անունը»,- հավելեց Արմենուհին։