Hraparak.am-ը գրում է․
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ շարունակում են ներկայացնել Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Արթուր Բարսեղյան
Հայաստանն անկախության տարիներին աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և Օլիմպիական խաղերի լողի մրցումներում եզրափակչի մասնակից չի ունեցել: Սառույցը կոտրվել է 2018 թ., երբ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Մեծահասակների պայքարում Փարիզ-2024-ն Արթուրի երկրորդ Օլիմպիական խաղերն են լինելու:
-Արթո՛ւր, երբվանի՞ց եք զբաղվում լողով:
-3 տարեկանում եմ սկսել լողի հաճախումներս, երբ պապիկս ինձ տարել էր Դավիթ Համբարձումյանի անվան լողի մասնագիտացված մարզադպրոց: Լողալ իմանալը, իսկապես, շատ կարևոր է. այն առողջություն է: Պրոֆեսիոնալ սպորտում նորամուտս ու առաջին հաջողությունս գրանցել եմ 12 տարեկանում՝ լրացնելով սպորտի վարպետի նորման: Հայաստանի առաջնություններում և տարատեսակ մրցումներում հանդես գալով էլ սկսվել է իմ պրոֆեսիոնալ կարիերան:
-2018 թ. Բուենոս-Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում ցույց եք տվել աննախադեպ արդյունք՝ դուրս գալով եզրափակիչ փուլ: Արդյոք դա Ձեր կարիերայի լավագո՞ւյն պահն էր:
-Թերևս այո: Այդ խաղերից շատ լավ ու վառ հիշողություններ ունեմ: Շատ էմոցիոնալ ապրումներ եմ ունեցել: Հազվադեպ է լինում, որ Հայաստանից այդպիսի արդյունք գրանցվի: Շատ հաճելի էր:
-Այս մարզաձևում ի՞նչն է ամենաշատը Ձեզ գրավում:
-Լողն անհատական մարզաձև է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական կողմերը շատ են՝ սովորում ես լողալ, ունենում ես առողջ, հասուն ու պինդ մարմին, բարձր դիմադրողականություն և եթե անգամ հիվանդանում ես, շատ արագ կարողանում ես հաղթահարել: Ինչ վերաբերում է բացասական կողմերին, դրանք, թերևս, այն մկանային, ջլային և ոսկրային ցավերն են, որոնք ընթացքում ձեռք ես բերում՝ դառնալով էլ ավելի պրոֆեսիոնալ: Սա, իհարկե, կարող է անդրադառնալ քո ամբողջ կյանքի վրա: Բոլոր մարզիկներն ապրում են այդ խնդիրներով: Ամեն դեպքում դրական կողմերին ավելի շատ ենք փորձում ուշադրություն դարձնել:
-Ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտն, ու Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առաձնանանում:
-Եթե անկեղծ, Հայաստանից դուրս բոլոր մրցումներն ինձ համար միևնույն սանդղակի վրա են: Մրցումը մրցում է. կապ չունի՝ մրցելու ես գետո՞ւմ, ծովո՞ւմ, թե՞ լողավազանում: Օլիմպիական խաղերն առհասարակ լավ հնարավորություն են նաև հին ընկերներին տեսնելու: Առհասարակ, մրցումները ես ասոցացնում եմ ընտանիքի անդամների՝ տարբեր վայրերից միավորման հետ: Այս առումով ևս ուրախ եմ, քանի որ կտեսնեմ իմ վաղեմի ընկերներին: Պատրաստ եմ լավ մասնակցության՝ առաջին հերթին անձնական արդյունքներս բարելավելու: Տեսնենք՝ ինչպես կստացվի:
-Օլիմպիական խաղերին նախապատրաստությունը տարբերվո՞ւմ է միջազգային մյուս մրցաշարերից, թեկուզ՝ հոգեբանորեն:
-Երբեմն պրոֆեսիոնալ մարզիկները, իրենց սպորտում կայանալով և հաջողությունների հասնելով, յուրաքանչյուր մրցման վերաբերվում են որպես հերթական ստուգատեսի: Ինձ համար ևս Փարիզ-2024-ը ևս մեկ մրցում է լինելու՝ պարզապես ավելի մեծ մասշտաբներով: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերին մասնակցելու միտքն ադրենալին է տալիս: Միևնույն ժամանակ, ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք դեռևս երազանք են պահում և ձգտում են մասնակցել Օլիմպիական խաղերին՝ թեկուզ պարզապես տոմս գնելով և մրցումներին հետևելով. դա հիանալի է:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել որպես մարզիկ և որպես անհատ:
-Անկասկած, ավելի հասուն և փորձառու եմ դարձել:
-Իսկ ի՞նչ նախապատրաստություն եք անցել Փարիզի Օլիմպական խաղերին ընդառաջ:
-Մեկ տարի գտնվել եմ Ֆրանսիայում՝ մարզումներ անցկացնելով մարզաձևի միջազգային ֆեդերացիայի World Aquatics ծրագրի շրջանակում: Ինձ բախտ էր վիճակվել ընդգրկվել ֆրանսիացիների թիմում, ունեցել եմ շատ լավ մարզիչ, որն աշխատում էր բացթողումների վրա: Հիմնականում աշխատում էինք դիմադրողականության, երկար տարածություններ հաղթահարելու վրա, որպեսզի մարմինը տարիներ շարունակ պատրաստ լինի մրցումների՝ ուժային առումով: Շատ ծանր ու դժվար հավաքներ ենք ունեցել, անգամ՝ սարերում: Այդուհանդերձ, Հայաստանում արագության վրա ավելի լավ էինք աշխատում: Ֆրանսիայում իմ մարզիչն ասաց, որ ուժերս Օլիմպիական խաղերում կերևա. վստահեցի նրան: Շատ մեծ փորձառություն ստացա և բարելավեցի գիտելիքներս: Այժմ արդեն մարզումներս կշարունակեմ Հայաստանի մարզիչներիս հետ:
-Ո՞ր արդյունքը բավարար կհամարեք Փարիզ-2024-ում:
-Անձնական ցուցանիշներս բարելավելը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ցույց տվեցի արդյունք, որը մինչ օրս չեմ գերազանցել (50 մ ազատ լողաոճում՝ 23․14 վրկ): Շատ կցանկանամ բարելավել այն: Փարիզի խաղերին մասնակցելու եմ «սպիտակ քարտով»: Չկարողացա վարկանիշ նվաճել, ինչը շատ ցավոտ է ինձ համար: Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ, բայց ինչ-ինչ պատճառներով իմ ունակությունները սահմանափակված են: Չկարողացա նվաճել այն, ինչը պետք է նվաճեի, ու սա շատ ծանր է ինձ համար: Ժամանակային սպորտում ամեն ինչ որոշում են վայրկյանները, միլիվայրկյանները: Մենք անընդհատ աշխատում ենք՝ 0,001 վայրկյան լավացնելու ուղղությամբ: