Kiss.am-ը գրում է.
Կյանքի արագ և անընդհատ փոփոխվող ռիթմերը շարունակաբար ստիպում են մեզ հարմարվել իրավիճակի թելադրած նոր պայմաններին և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Ոմանք իրենց հանդիպող խոչընդոտներին նայում են որպես կյանքում առկա նորմալ երևույթների և հեշտությամբ հաղթահարում դրանք, իսկ ոմանք էլ ընկնում են խորը դեպրեսիաների մեջ և շարունակ կրկնում՝ ինչու՞ դա ինձ հետ պատահեց, մի՞թե ես արժանի էի դրան և այլն…
Ձանձրացե՞լ ես քո՝ կյանքից դժգոհ մշտական կարգավիճակից, ուրեմն բավական է փնթփնթաս, բավական է ընկնես սթրեսների և դեպրեսիաների մեջ: Սովորի՛ր հաղթահարել դրանք և վայելիր կյանքը: Քեզ ենք առաջարկում հոգեբանների կողմից ընդունված վեց սկզբունքներ, որոնք կօգնեն հաղթահարել հոգեկան ճնշվածությունը, լարվածությունն ու մելամաղձությունը: Դրանք են՝
Լավատեսություն
Ըստ ռուս և ամերիկացի հոգեբանների՝ սա ամենակարևոր նախապայմանն է սթրեսային իրավիճակներից խուսափելու և դրանք հաղթահարելու համար: Հիշի՛ր՝ ընկճվածության հիմնական պատճառը բխում է նրանից, թե մենք ինչպես ենք ընկալում մեր շրջապատում և մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները:
Հոռետեսները, որ միշտ բացասական աշխարհընկալում ունեն, ավելի հաճախ են հայտնվում սթրեսային վիճակներում, քան լավատեսները: Այս խնդիրը կարելի է լուծել շատ պարզ եղանակով. երբ զգում ես, որ թախիծը աստիճանաբար սկսում է համակել քեզ, փորձ՛ր միանգամից վանել տխուր մտքերն ու կենտրոնացի՛ր ինչ-որ լավ, ուրախ բանի վրա:
Հետագայում դա արդեն տեղի կունենա ինքնաբերաբար:
Կազմակերպվածության հակում
Անկազմակերպվածությունը, անկայունությունը, թափթփվածության հակումը կարող են թվալ հանգստության կամ անհոգության դրսևորումներ, սակայն դրանք իրականում հանգեցնում են սթրեսային իրավիճակների: Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ կազմել օրվա պլան, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ հասցնել և չընկնել խառնաշփոթի մեջ:
Սովորիր ասել «ոչ»
Պետք չէ փխրուն ուսերիդ վերցնել ողջ աշխարհի հոգսը: Ինքդ քեզ համար պարզիր հնարավորություններիդ սահմանները և աշխատի՛ր չանցնել դրանք: Եթե չունես ինչ-որ բան անելու ժամանակ կամ պարզապես ցանկություն, ուրեմն մի՛ արա: Սովորի՛ր անկաշկանդ ասել «ոչ»:
Թող կյանքը քեզ ուրախացնի
Ուրախացի՛ր ամեն բացվող առավոտով: Ուրախացիր, որ կաս, ապրում ես, կարողանում ես վայելել կյանքը. չէ՞ որ այն քեզ տրված ամենաթանկ պարգևն է: Սովորի՛ր ուշադրությունդ կենտրոնացնել այն գործի վրա, ինչով զբաղվում ես, փորձի՛ր հաճույք ստանալ կատարածդ աշխատանքից, և ոչ թե նրանից, թե ինչ արդյունքներ կունենա այն: Հավատա՛, այդ դեպքում աշխատանքդ էլ ավելի արդյունավետ կլինի, որովհետև դու այն սիրով ես կատարել:
Մի՛ եղիր մաքսիմալիստ
Մի՛ դիր քո առջև անիրագործելի նպատակներ և հետո էլ զուր մի՛ տառապիր դրանք չիրագործելու համար:
Ձգտի՛ր լինել համբերատար և զիջող ինչպես քո, այնպես էլ շրջապատիդ մարդկանց հանդեպ:
Մի՛ զղջա անցյալի համար
Մեզանից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում արել է բաներ, որոնք կցանկանար կատարած չլինել: Պետք չէ ափսոսալ և զղջալ այն բաների համար, որոնք արդեն կատարվել են, կամ կարող էին կատարվել: Պարզապես սովորի՛ր սխալներիդ վրա. չէ՞ որ աշխարհում ամեն ինչ մարդու համար է:
Գոյություն ունեն նաև չորս ոչ հոգեբանական սկզբունքներ, որոնք յուրացնելով՝ դու է՛լ ավելի հզոր հակառակորդ կլինես ամենակուլ թախծին, տխրությանն ու ընկճվածությանը: Դրանք են՝
Մարմնամարզությամբ պարբերաբար զբաղվելը
Արագացնում է արյան շրջանառությունը, ցրվում են տխուր մտքերը, ֆիզիկական լարվածությունը թուլացնում է հոգեկան լարվածությունը:
Ճիշտ սնվելը
Վիտամիններով և այլ անհրաժեշտ նյութերով հագեցած սնունդը ևս անփոխարինելի «գործընկեր» է սթրեսի դեմ պայքարում: Դա է պատճառը, որ դիետաներով տարված մարդիկ գրեթե ամեն օր սթրես են ապրում:
Ալկոհոլը չչարաշահելը
Սթրեսը ալկոհոլի օգնությամբ հաղթահարելը հանգեցնում է հակառակ արդյունքի:
Խորը քունը
Քունը անփոխարինելի դեր ունի սթրեսը հաղթահարելու և առողջությունը պահպանելու գործընթացում: Փորձի՛ր քնել օրը 7-8 ժամից ոչ պակաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել