Allsport.am-ը գրում է.

Օրերս Հայաստանը ցնծաց Դավիթ Սաֆարյանի հաղթանակով: Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը եզրափակչում հաղթանակ տոնեց կուբացի Լիվան Լոպեսի նկատմամբ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Դավիթը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում՝ 1989-ի օգոտոսի 1-ին: Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ է: Վերջին փառահեղ նվաճումից բացի Դավիթը նաև Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է (2006, 2007), աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (2006), երիտասարդների Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012)։ 2013 թ՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր (Թբիլիսի 2013 թ.):

Allsport.am-ը Դավիթ Սաֆարյանի հետ ամփոփել է վերջին հաղթանակը:

-Հաղթանակից հետո էմոցիոնալ վիճակում ես եղել և գուցե ամբողջությամբ չես ըմբռնել կատարվածը: Հիմա, երբ օրեր են անցել, կարո՞ղ ես պատմել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի զգացողությունների մասին:

-Անկեղծ ասած հիմա էլ չեմ կարողանում գիտակցել: Իհարկե շատ ուրախ եմ: Հաղթանակի առաջին վայրկյաններն առհասարակ որևէ բանի հետ համեմատել չի լինի, և դա անհնար է բացատրել (ժպտում է):

-Գոտեմարտերդ բավականին բարդ ստացվեցին ու մինչև վերջին րոպեն էլ բոլորիս լարվածության մեջ էիր պահում: Ինքդ ինչպե՞ս կմեկնաբանես Ռաֆալի, Մագոմբեդի ու Լիվանի հետ պայքարը:

-Մեր քաշային կատեգորիաները շատ մոտ են իրար, դրա համար էլ գոտեմարտերը մի փոքր լարված են ստացվում: Հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստ: Ինչ վերաբերում է ռուս և վրացի մարզիկների հետ մարտերին` ես մինչև վերջ էլ հավատում էի, որ կարող եմ հաղթել, և դա ստացվեց ինձ մոտ:

-Եզրափակչում Լիվան Լոպեսը, նախքան քո 2 միավորանոց հնարքը, բավականին լավ տպավորություն էր թողնում: Կարելի՞ է ենթադրել, որ ինքդ ի սկզբանե սպասում էիր հնարքիդ իրագործման համար հարմար պահի:

-Ճիշտն ասած, սկզբում չէի կարողանում զգալ մրցակցիս: Տարբերակներ էի փնտրում, բաց չէի գտնում: Հաշիվն իմ օգտին էր ու գիտեի, որ կարող եմ անցնել նրան: Վերջում գտա հարմար պահն, ու հաղթեցի:

-Դավիթ, ամենաանհաջող մրցակիցն ո՞վ է եղել քեզ համար:

-Միակ հաջողությունը, որ համեմատաբար հեշտ տրվեց լեհ մարզիկի հետ պայքարում էր:

-Կիսաեզրափակչում բժշկական միջամտության կարիք առաջացավ: Հիմա ինչպե՞ս ես:

-Նախքան առաջնությունը ևս վնասվածքներ ունեի, որոնք խանգարում էին ինձ: Ուրախ եմ, որ դրանք լուրջ խոչընդոտ չհանդիսացան: Հիմա, իհարկե, ամբողջ մարմինս ցավում է, բայց դա հաճելի ցավ է...

-Առաջինն ո՞վ շնորհավորեց քեզ Բուդապեշտի հաղթանակի առթիվ:

-Մարզիչներս իհարկե: Նրանք դա արեցին հենց գորգի վրա եզրափակիչ սուլիչից հետո:

-Ո՞րն է մրցակիցներիդ նկատմամբ քո ունեցած առավելությունը:

-Չգիտեմ: Երևի մարզիչներս ավելի լավ կպատասխանեն այդ հարցին: Ես պարզապես փորձում եմ մինչև վերջ պայքարել:

-Դավիթ, ի՞նչ կասես մեր մյուս ըմբիշների ելույթների մասին:

-Ինձ շատ դուր եկավ Առաքելյանի մարտը: Նա վառ ելույթ ցույց տվեց: Իհարկե, դա մեդալ չապահովեց, բայց մենք մեծ հույսեր ունեինք: Լավ հնարավորություններ ունի նաև Գրիգորյանը: Նա պայքարեց մինչև վերջ ու լավ մարզավիճակ ձեռք բերեց:

-Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոն ես: Ո՞րն է լինելու հաջորդ նվաճումդ:

-Չգիտեմ: Գուցե մասակցեմ Մոսկվայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել