Քո օրն է այսօր,Տոն է սիրելիս,
Ծիծաղ եմ ուզում առաջվա նման,
Գոնե ծիծաղել արցունքի միջից,
Բայց ավաղ ծիծաղ չի ստացվում հիմա:

Ծիծաղ եմ ուզում:
Գո՞ւցե ծիծաղեմ ծիծաղով հիմար,
Կամ կեղծ ծիծաղով ծիծաղեմ երկար,
Թե՞ փորձեմ լինել քեզ նման խաղաղ
Ու հեռվից նայեմ
Մաս-մաս փոքրացող,
Մաս-մաս հեռացող,
Մաս-մաս թաքնվող,
Միլիոն ու միլիոն աչքերից նախանձ
Մեր սիրուն մեռնող:
Բայց նա չի մեռել
Քեզնից հալածվել,նա թաքնվել է:
Ճիշտ է թևաթափ,
Ճիշտ է նեղացած,
Ճիշտ է քիչ տկար,անցել ընդհատակ,
Ու թաքնվել է հենց իմ սրտի տակ:

Քո օրն է այսօր,Տոն է սիրելիս,
Ծիծաղում եմ ես, բայց ոչ թե հոգիս,
Մի՞թե չես լսում
Այդ ես եմ կանչում,
Ես քե՛զ եմ կանչում:

Քո տան տանիքից,
Պատուհաններից,
Վարագույրներից,
Սպիտակ անկողնուդ փափուկ վերմակից,
Քո մահճակալի համաչափ ճոճքից,
Թե շշունջ, շրշյուն կամ հոգոց լսես,
Համոզված եղիր ,այդ եղել եմ ես:

Իսկ դու եղել ես ոլոր ու մոլոր
Սիրո ճանապարհ,
Եվ ես սիրելիս այդ ճամփով քայլել,
Քո սիրո համար լեգենդ եմ դարձել:
Ու այդ լեգենդում վկա է աստված
Ծիծաղն է եղել իմ խոսքը չասված:
Այդ լեգենդում էլ ծիծաղել եմ ես
Ծիծաղել այնքան
Որ դարձել եմ խենթ ծիծաղի արքա:

Հիմա հոգիս է ուզում ծիծաղել,
Գուցե մի կյանք էլ դեռ պետք է սպասե՞մ,
Իսկ մինչ այդ ասա՛,
Ասա՛ սիրելիս….
Ինչպե՞ս ծիծաղեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել