ՄԻԱԿ քարտուղար |
Մենք, ինչ խոսք, կարող ենք հասկանալ Ադրբեջանի ղեկավարին. դե ընտրություններ են, ինչ-որ կերպ պետք է զբաղեցնել սեփական ժողովրդին, հատկապես որ քիչ թե շատ, լուրջ նախընտրական ծրագրեր էլ չկան, քարոզարշավը խիստ մոնոտոն և անհետաքրքիր է, դե իսկ նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները, որոնց վրա կարելի էր կառուցել քարոզչական ստրատեգիաներ կամ լեգենդներ, ավելի շատ սեփական կարիքների բավարարմանն են ուղղված եղել, քան իր ժողովրդի խնդիրների լուծմանը: Նման իրավիճակներում, ինչպես միշտ "օգնության են գալիս" Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին հեքիաթներն, ամբողջապես խեղաթյուրված "փաստերը", ապագայամետ սին խոստումներն և մեր երկու պետությունների դեմ ուղղված, բոլորին (վստահաբար նաև սեփական ժողովրդին) ծայրաստիճան հոգնեցրած ռազմատենչ հոխորտանքը: Այսօր էլ նա հերթական անգամ "խրոխտ" կեցվածքով խոսել է ռազմական ուժ կիառելու դիրքերից, պատմական ադրբեջանի տարածքները վերադարձնելու առաքելությունից և այլն (մի խոսքով առանց ստորակետ փոխելու նախորդ տեքստերի կրկնության ոգով): Այն, որ Ադրբեջանում սոցիոլոգիա` նույնիսկ սիրողական մակարդակով գոյություն չունի, այլևս ակնհայտ է: Հակառակ պարագայում, գոնե, սոցիոլոգները նրան խորհուրդ կտային փոխել քարոզչական մարտավարությունը, քանի որ այն արդեն շատ վաղուց, գուցե նախորդ դարից, աշխատում է բացառապես "մինուս" նշանով և չունի կոնկրետ թիրախ և հասցեատեր: