Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սպասում են արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ 

«Օրեր առաջ՝ հունիսի 20-ին, կայացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որով Հակակոռուպցիոն դատարանը վճռեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց»,- ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը հայտնեց, որ ավարտվել է մեկ այլ հայցադիմումի քննություն: «Ակնկալում ենք, որ մոտ օրերս արդեն՝ որպես եղելություն, կկարողանանք խոսել երկրորդ դատական ակտի մասին»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝  14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում Գլխավոր դատախազության կողմից առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը դրամային արտահայտությամբ գերազանցում է 560 մլրդ դրամը: Հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կնքված հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ»,- եզրափակեց Վարդապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել