«Իմ արմատները Հայաստանում գնալով այնքան եմ խորացնում, որ նույնիսկ, եթե այնպիսի պահ լինի, որ համարյա ստիպված լինեմ գնալ, այնքան բարդ փուլ պիտի լինի, որ երբ այդ դեպրեսիան հաղթահարեմ, նորից կվերադառնամ: Իմ երեխաների ուսումը, պատկերացումները այնքան հայկական են, մեր հետագա նպատակները այնքան եմ Հայաստանի հետ կապում, որ հայրենիքը լքելու հարցը, եթե իմ մոտ մի օր առաջանա, դա կլինի ինչ-որ երկրից աշխատանքային առաջարկով գնալ, նորից վերադառնալու սկզբունքով: Չեմ մեղադրում գանացողներին, բայց ինձ համար պատիվ է ունենալ մարդկանցից այն վերաբերմունքը, որն այսօր ունեմ, նման բանից հրաժարվել ու գնալ մի երկրում օտարիկամ հյուրի պես ապրել, չգիտեմ դանակը որքան պիտի ոսկորին հասնի, որ անեմ:

Չեմ էլ ուզում մտածել դրա մասին: Չեմ էլ ուզում, որ մեր երկիրը դառնա այնպիսին, որ ճիշտ խոսելու համար քեզ ու ընտանիքիդ այնպես վնասեն, որ ստիպված լինես գնալ»,- «VTV» յութուբյան ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում ասել է հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը:

Նա անդրադառնալով կոչումներին, անկեղծացել է, որ 3 տարի առաջ իրեն առաջարկել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, որից հրաժարվել է, քանի որ դրա իմաստը չի հասկանում:

«Գնահատականի այդ տեսակը ես չեմ հասկանում, որպես պետական պարգև չափորոշիչներ պետք է ունենալ: Վաստակավոր արտիստի չափորոշիչը ես, իրոք, չեմ հասկացել:

Ես շատ շնորհքով ասել եմ, շնորհակալ եմ, բայց այս տարին իմ ամենաակտիվ տարին չէր: Ինչի՞ համար են տալիս: Ինձ մոտ տպավորություն էր, որ իմ հերթն էր հասել, տալիս էին: Քանակ կա, որ պիտի լրացնեն, հասան Պ տառին՝ Պապոյան, ես դրանից լավ չեմ զգացել, հրաժարվել եմ»,- անկեղծացել է Գարիկ Պապոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել