Մամուլի միջազգային ինստիտուտը խիստ անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 10 հայ լրագրող։

«Հայաստանի իշխանություններին հրատապ կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնագետների համար»,- գրում է ipi.media-ն: 

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «ուժի չափազանց կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր անխտիր թիրախավորել են հավատարմագրված լրագրողներին կամ վնասել սարքավորումները:

«Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից, իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի մեծ ուժի կիրառում կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը:

Աղբյուրը նշում է, որ դեպի ժողովրդավարություն Հայաստանի ճանապարհը խորդուբորդ է եղել, սակայն վերջին տարիներին երկրում մամուլի ազատության վիճակը զգալիորեն բարելավվել է։

«Լրատվամիջոցների կանոնակարգերի բարեփոխումները և ծանր վիրավորանքների ապաքրեականացումը դրական քայլերից են։ Այնուամենայնիվ, մեդիա դաշտը մնում է խիստ բևեռացված, և տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է», - եզրափակել է ipi.media-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել