Աղձքի արքայական դամբարանը եզակի վայր է, որտեղ ամփոփված են հայկական արքայական տների ներկայացուցիչների աճյունները: Գիտնականների շրջանում ընդունված է կարծիքը, որ Աղձքի դամբարանում վերջին հանգրվանն են գտել մեծամասամբ Արշակունի արքաները, որոնք որպես թագավորներ՝ Հայաստանում իշխել են շուրջ 350 տարի և լրջագույն ներդրում են ունեցել հայկական ազգային, մշակութային, հոգևոր ու քաղաքական ինքնության կայացման գործում:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ 4-րդ դարում Հայաստան ներխուժած պարսկական զորքը թիրախավորել է Անգեղ ամրոցը, սակայն չկարողանալով նվաճել, շարժվել է հյուսիս՝ Անի ամրոց, որտեղ պահվում էին ոչ միայն պետական գանձերն ու հարստությունը, այլև ամփոփված էին հայ արքաների աճյունները: Ըստ Փավստոս Բյուզանդի՝ Սասանյան բանակը չի կարողացել քանդել միայն Սանատրուկ արքայի դամբարանը: Մնացած դամբարանները հապճերորեն բացվել են և արքաների աճյունները հանվել են: Այդպիսով պարսիկները փորձել են որպես ռազմավար Իրան տեղափոխել նաև հայ արքաների աճյունները: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ նման քայլով Սասանյանները փորձում էին բացառել Արշակունիների «ռեստավրացիան» բուն Իրանի ներսում: «Շահնշահ» տիտղոսը կրող Սասանյանների համար կարևոր էին նաև Արշակունիներին նախորդած հայ արքայական դինաստիաների ներկայացուցիչների աճյունները, քանզի օրինակ՝ Արտաշեսյան դինաստիայից Տիգրան Մեծը ժամանակին պարթևներից նվաճել և ինքն էր կրել «Արքայից արքա» տիտղոսը: Այնուամենայնիվ, Փավստոս Բյուզանդի վկայությամբ՝ Վահան Մամիկոնյանի գլխավորած հայոց զորքը ճակատամարտում ջախջախում է պարսկական բանակին և հետ վերցնում հայ արքաների աճյունները: Այնուհետև դրանք հողին են հանձնվում Արագած լեռան փեշերին գտնվող Աղձք գյուղում: Արդեն 1970-ականների սկզբներին սկսված պրոֆեսիոնալ հնագիտական աշխատանքները հայտնաբերեցին արքայական դամբարանը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ Արշակունի արքայատոհմը լրջագույն քաղաքակրթական դերակատարություն է ունեցել հայերի ազգային ինքնության ձևավորման գործընթացում: Արշակունիների իշխանության շրջանում են տեղի ունեցել մի շարք դարակազմիկ իրադարձություններ, որոնց հետքերը զգալի են նաև մեր օրերում:
Աղձքի արքայական դամբարանի, Արշակունի արքայատոհմի և 4-րդ դարի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.