Վերջերս շատ է շահարկվում Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միության անվանումը: Եվ ոչ առանց պատճառների: Այն, որ այս կառույցը վաղուց արդեն չի կատարում իր ամենաուղղակի պարտականությունները, դա հաստատ է: Դրա փոխարեն միության ղեկավարները զբաղված են փողեր լվանալով և սեփական “արվեստը” առաջ տանելով: Ու թքած, թե ում կամ ինչի հաշվին:
Ներկայացնելով ամբողջ պետության կոմպոզիտորների և երաժշտագետների միություն, ենթադրվում է, որ այն պետք է գոնե որոշակի ֆինանսական աջակցություն ունենա պետության կողմից: Ամենատգետ մարդն էլ կմտածի, որ այդ գումարները պետք է օգտագործվեն համերգների, ձայնագրությունների և հրատարակությունների վրա: Բայց! Ի՞նչ աջակցության մասին է խոսքը, եթե մենք՝ երիտասարդ, ինչու չէ, խոստումնալից կոմպոզիտորները գաղափար անգամ չունենք, թե ինչ է կատարվում կառույցի ներքում: Այն դեպքում, երբ միության ամենաառաջին պարտականություններից մեկը բոլոր մրցույթների և համերգների մասին մեզ տեղյակ պահելն է, մենք լավագույն դեպքում դրա մասին իմանում ենք այն ազդագրերից, որտեղ արդեն գրված է, թե ամսի քանիսին և որ դահլիճում է տեղի ունենալու միջոցառումը: Մենք չենք ստանում որևէ աջակցություն, թեկուզ նրա համար, որ անգամ ամենավատ պայմաններում փորձում ենք զարգացնել կոմպոզիտորական դպրոցը, և պարզ տեսնելով այս մասնագիտության ոչ շահավետ լինելը, չենք թողնում մատիտն ու շարունակում ենք ջանասիրաբար և համառորեն ստեղծագործել:
Մենք որևէ կապ չունենք միության ոչ ընտրությունների, ոչ իրականացվող միջոցառումների, ոչ որևէ այլ գործողությունների հետ: Ինչու՞ մենք դեռ միության անդամ չենք: Պարզ չէ միայն նրանց համար, ովքեր երբևէ որևէ կապ չեն ունեցել կոմպոզիտորական արվեստի ինդուստրիայի ղեկավար անդամների հետ:
Ես վստահաբար կարող եմ ասել, որ խոսում եմ գրեթե բոլոր երիտասարդ կոմպոզիտորների անունից:Ո՞վ է ասում, որ մենք վատ ենք գրում: Կամ ինչու՞ շատ ու շատ միջազգային մրցույթների ժամանակ Հայաստանի տեղը մնում է թափուր: Միայն նրա համար, որ միությունը ալարում կամ պարզապես չի ցանկանում մեզ տեղեկացնել դրա մասի՞ն:
Նման անհեթեթ գործելաոճով կառույցները միայն արատավորում են ազնվական մասնագիտության անվանումը, և այն գերիշխանությունները, որոնք իրենց բուռն են հավաքել թե այդ կառույցի միջոցները, թե հնարավորությունները, չեն կարող երկար պահել օրեցօր էլ ավելի խալխլվող հիմքը:
Վաղուց արդեն լուռ և հարմարվող երիտասարդություն չկա: Մենք պայքարելու ենք մեր իրավունքների և մեր արժանի տեղը զբաղեցնելու համար: