BlogNews.am-ի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում «ՀԱՅԼԱՆՏ» ՍՊԸ-ի վերաբերալ, որը զբաղվում է բնակելի շինությունների կառուցմամբ և խոշոր կառուցապատող է Երևանի էլիտար Վերին անտառային թաղամասում։ Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ կառուցապատողը, որն ըստ երևույթին բարձր հովանու ներքո է աշխատում բնակարանների համար հայտարարում է այլ գին, իսկ վաճառքի պահին առաջարկում է գրանցել ավելի ցածր գին՝ գնորդներին դրդելով գումարի մի մասը վճարել կանխիկ տարբերակով անձամբ տնօրենին և որևէ կերպ չձևակերպել դա։ Երբ գնորևդը հրաժարվում է շրջանցել օրենքը, կառուցապատողը ինչ որ պատրվակով մերժում է գործարքը։ Մեզ դիմող քաղաքացիների մոտ տպավորություն էր առաջացել, որ կառուցապատողը թաքցնում է հարկերը՝ դիմելով խարդախությունների։ Մեզ դիմող քաղաքացիները նաև տարակուսանք էին հայտնել պետական մարմինների անգործությունից, քանի որ կասկած կա, որ սխեման վաղուց է կիրառվում և մեծ հավանականությամբ չի շրջանցել «ՀԱՅԼԱՆՏ» ընկերության վաճառած մի քանի տասնյակ բնակարանները։
Այդ բողոքների հետքերով որոշեցինք «ՀԱՅԼԱՆՏ 5» շինությունից հսկիչ գնում կատարել։ Ընտրեցինք 190.000 դոլար արժողությամբ բնակարան, որն առաջարկեցինք ձեռք բերել։ Խոսակցության արդյունքում, որը նաև ձայնագրվել է, ընկերության տնօերենը՝ Գարուշ Ղազելյանը մեզ առաջարկեց իրեն վճարել 3000 ԱՄՆ դոլար որպես բեհ, ապա առաջարկեց բնակարանի գինը հիպոտեկային վարկով գնելելու պարագայում գրել 175.000 դոլար և մնացած 15.000 դոլարը փոխանցել առձեռն իրեն։ Երբ Ղազելյանից հարցրինք, թե ինչու է մեզ քրեական հանցագործության դրդում և ցույց չի տալիս բնակարանի իրական գինը, վերջինս հարց հնչեցրեց, թե ինչու այդ տարբերակը հարմար չի մեզ ու նաև ասաց, որ հրաժարվում է բացատրել, թե ինչու չի ձևակերպում բնակարանի վաճառքի ամբողջական գումարը։ Ղազելյանը միայն հավելում է, որ ինքը լավ գիտի ինչու պետք չէ ձևակերպել։
Զրույցի վերջում, երբ Ղազելյանին պատմեցինք օրենքը խախտելու հետևանքների մասին և ներկայացանք, նա ասաց, որ իրեն սխալ ենք հասկացել։ Այնուամենայնիվ ցանկանում ենք նշել, որ զրույցի ձայնագրությունը պատրաստ ենք փոխանցել իրավապահներին և հուսով ենք, որ իրավապահները այս հարցով կզբաղվեն։
Մենք զրուցեցինք նաև փաստաբան Իրինա Հակոբյանի հետ ու փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ.
-Կառուցապատողի կողմից ամբողջ 190.000 դոլարից 15.000ը առձեռն պահանջելը և մնացածը 175.000 դոլարը ձևակերպելը համարվո՞ւմ է հարկերից խուսափում, թե՞ ոչ:
-Դժվար է միանշանակ ասել, որ սա հարկերից խուսափում է։ Հարկերից խուսափելու դեպքում քիչ գումարն են ֆիքսում, մեծն են թաքցնում։ Սա ամենայն հավանականությամբ ստվերային գումար է, որը ինքն իր գրպանն է դնելու, ցույց չի տալու ոչ մի ձևով։ Բայց, որ ինքը այդ 15.000 դոլարի հարկը չի վճարելու, դա հաստատ։
⁠-Կառուցապատողն ի վերջո որոշեց այդ 15.000 դոլարին անվանել «բեհ», այն դեպքում, երբ սկզբում ասում էր, որ 3000 դոլար բեհ է ուզում: Որքանո՞վ է առհասարակ «բեհ»-ը օրինական, և հնարավո՞ր է այս դեպքում այդ գումարը անվանել «բեհ»։
-«Բեհ» հասկացողությունը դա իրավաբանորեն ասված նախավճարն է, որը օրենքը կարգավորում է։ Բայց անշարժ գույքի վաճառքի դեպքում, եթե նախավճար է նախատեսվում, դա առուվաճառքի պայմանագրի պես նույն կերպ պետք է նոտարական վավերացում ստանա։ Դա օրենքի սահմանումն է։ Օրենքն ասում է, որ նախավճարի պայմանագիրը կնքվում է տվյալ գործարքի համար օրենքով նախատեսված կարգով։ Այսինքն, եթե դա անշարժ գույք է և իր գործարքը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման, բնականաբար, «բեհի» պայմանագիրն էլ պետք է լինի նոտարական վավերացմամբ։
-Ի՞նչ իրավական պատասխանատվություն է ենթադրում կառուցապատողի համար, հատկապես, եթե ողջամիտ կասկած կա, որ նման սխեմա գործել է մնացած բնակարանների վաճառքի ժամանակ ևս, քանի որ կառուցապատողը նշեց, որ մնացածը նույնպես գրանցված են եղել 175.000 դոլարով: Իսկ բնակարանները շատ են, հատկապես, որ ընկերությունը հանդիսանում է խոշոր կառուցապատող։
-15.000 դոլարը չգրանցելը, բայց ուզելը ես ավելի շատ կգնահատեի խարդախություն, այլ ոչ թե հարկերից խուսափում։ Ինքն, ըստ էության, գնորդին խաբում է և մնացած գումարը յուրացնում։ Այնուամենայնիվ սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, ավելի ճիշտ գնահանատական այդ արարաքին, բնականաբար, կարող են տալ իրավապահ մարմինները։
Հետագայում, եթե պայամանագրի հետ կապված խնդիրներ լինի, օրինակ՝ շենքը ժամանակին չավարտեն, սխալ շինարարություն անեն, կողմերի միջև ինչ որ վեճ առաջացավ, ու գնորդը, եթե որոշեց, որ պետք է լուծի այդ պայմանագիրը, ու, եթե լուծի, իրեն շատ հանգիստ կարող են ասել, որ այդ 15.000 դոլարը ինքը չի տվել։ Դրա համար ես այս դեպքը դիտարկում եմ որպես խարդախություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել