leave_me_alone_by_nightowlmadness

Բարև իմ անծանոթ ու հարազատ հոգի…

Կարոտել եմ քեզ: Սա առաջին միտքն էր, որ ծնվեց գլխումս հենց քո մասին մտածելիս: Ես այնքան հաճախ եմ մտածում քո մասին, ստեղծում հեքիաթ ինձ ու քեզ համար, ուր խանգարող, տխրեցնող, վշտացնող ոչինչ չկա, ուր ամեն ինչ իմ ու քոնն է, ուր ոչ ոք չի խանգարում իմ ու քո անդորրը: Բայց իրականությունն այնքան հեռու է հեքիաթից, հոգի՛ս, որ դատարկությունն արդեն արմատներ է գցում այնտեղ ու անդադար հիշեցնում, որ ինձ օտար ես, իմը չես ու անծանոթ ես….

Ես այնքան բան եմ ուզում քեզ պատմել իմ մասին, հույզերիս, զգացմունքներիս մասին, որ մեկ իրական են, մեկ կոտրված, մեկ անհաս, մեկ փրկող, մեկ կործանող, հիասթափեցնող… Ի~նչ լուռ է գիշերը, լուսնի սկավառակն է հիշեցնում, որ դեռ իրական աշխարհում եմ, իմ սենյակում, իմ մտքերի հետ, խելառ հույսերով ու ապականված հոգով, որ ամեն անգամ մաքրվելու ցանկությունից կեղտոտվում է անհապաղ…

Ես պատրաստ եմ ժամերով լսել քեզ, հարազա՛տս, հետդ տառապել, կողքիդ լինել, բռնեմ ձեռքդ ու անցնեմ աշխարհի ամենավատ ու փշոտ ճանապարհով, ուր ոտքերս պիտի արյունոտվեն, որ ցավս պիտի զսպեմ մեջս ու հոգուս մեղադրեմ քեզ այդքան սիրելու, պաշտպանելու, պահպանելու համար…

Սեր չկա… կորել է անիրավն այս աշխարհից, մարդկանց սրտից: Մա՛րդ արարած, դու՛, որ սիրո~ պտուղ ես, որ այդքան մեղքի մեջ սիրելի ես դեռ Աստծուն, կործանում ես ինքդ քեզ, կործանում ես սերը, որին արժանացել ես Ամենակարողի կամոք…Փշրում ես, տանում քեզ հետ ամեն բան, հուսահատությունից խելագարեցնում, ոչնչացնում, ոտքերն է սրբում քո սիրո վրա, որովհետև համարձակվել ես սիրել մեկին, ով գերի է բոլորին, անգամ ինքն իրեն, որին սեփական սերն արդեն ավելորդ է թվում….

Չեմ ուզում ցավեցնել քեզ, ընկե~րս, իմ մռայլ օրերի միակ լուսատու…. Խառնվել է ամեն ինչ, անդունդն է գլորվում նվիրական ամեն ինչ: Նորից… Նորից պիտի գրողի ծոցն ուղարկեմ հոգուս մաքրամաքուր ամեն մի կտորն ու տեղ տամ վեհագույն ստերին, ինքս ինձ պիտի խաբեմ, խաղամ կյանքում ինձ բաժին հասած ավելորդի դերը, որ պիտի տանեմ ուսերիս մինչև կյանքի վերջ, մինչև մոռանամ, որ դու եղել ես….

Գրի~ր ինձ, ճանապարհիս ընկեր, պիտի ես էլ գրեմ, ես էլ հանեմ հոգուցս բխող ամեն մի տառ, որ չեմ կարողանում ասել քեզ… Երկար չեմ կարողանում նայել աչքերիդ, վախենում եմ գայթակղությունից, սիրահարվելուց, որովհետև գիտեմ` ժամանակավոր եմ քեզ համար, հոգնելու ես մի օր ինձնից, սպառվելու եմ քեզ համար, բայց ես քեզ կգրեմ ու կսպասեմ նամակներիդ, չնայած գիտեմ, որ նամակներս անպատասխան են մնալու….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել