Մի քանի հետաքրքիր փաստ խորհրդարանական ընդդիմության այսօրվա արկածների և իրական ծրագրի մասին:
Ինչպես գիտեք, խորհրդարանական ընդդիմությունը` իր վեղարով առաջնորդով հանդերձ, հայտարարել է, որ ԱԺ հուժկու նիստ է հրավիրելու և հասնելու է կառավարության հրաժարականին:
Այդ հուժկու սպառնալիքից հետո, ընդդիմությունը ներկայացրել է ԱԺ ուղերձի նախագծով նիստ հրավիրելու առաջարկ, որը ոչ մի իրավաբանական պարտադիր ուժ չունի, եթե անգամ ընդունվի: Ուստի, ընդդիմությունը խաբել է սեփական հետևորդներին, թե այս ուղերձի քննարկումով որևէ բան է փոխվելու:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, այսօր գումարվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստ, որտեղ ընդդիմությունը պետք է գնար և ներկայացներ իր այդքան ցանկալի ուղերձը, որից հետո հանձնաժողովը պետք է քվեարկեր կողմ կամ դեմ: Սա ընդդիմության համար վճռական պահ էր:
Հանձնաժողովի նիստը գումարվել է, և դրանից մի քանի ժամ առաջ` ըստ կարգի, պատգամավորները ծանուցվել են նիստի անցկացման ժամի մասին (նամակները առկա են):
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի նիստ կարող է գումարվել ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, եթե հանձնաժողովի նիստը լիագումար նիստին զուգահեռ չի ընթանում: Հանձնաժողովի նիստը գումարվել է ժամը 16:00-ին` ԱԺ ընդմիջման ժամին: Կրկնում եմ` մի քանի ժամ առաջ բոլորը ծանուցվել են նիստի մասին:
Հիմա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ժամը 16:00-ի ընդմիջումից առաջ, երբ մենք քննարկում էինք ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագիծը, ընդդիմության պատգամավորներից ոչ ոք դահլիճում չէր: Հանկարծ, ընդմիջումից րոպեներ առաջ, անակնկալ կերպով դահլիճ է մտնում Արծվիկ Մինասյանը և գրանցվում է հարց տալու, հետո` ելույթ ունենալու համար:
Ժամը 16:00-ին հանձնաժողովի նիստը մեկնարկում է առանց Արծվիկ Մինասյանի, ով իրենց` տիեզերական կարևորության ուղերձի հիմնական զեկուցողն է, մի ուղերձի, որը, ըստ իրենց հայտարարությունների, բերելու է կառավարության հրաժարականին և «փրկելու» է բոլորին` ծայրից-ծայր:
Եվ ահա այդ վճռական պահին, Արծվիկ Մինասյանը հանկարծ որոշում է, որ պետք է վերադառնա նիստերի դահլիճ, անտեր թողնի իրենց միջմայրցամաքային ուղերձը և փոխարենը հարց և ելույթ գրանցվի` մեկ այլ օրենքի նախագծի համար:
Համաձայնեք, որ սա առնվազն տարօրինակ է: Բայց իրականում, այս փոքրիկ խորամանկությունը պետք է դառնա Արծվիկ Մինասյանի ալիբին, ուղերձի հարցով հանձնաժողովի նիստին չգնալու համար: Դրա համար նա աճապարելով վերադարձավ նիստերի դահլիճ` մեն մենակ:
Արդեն ժամը 16:30-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, մենք հայտարարում ենք, որ ընդդիմությունը չի եկել հանձնաժողովի նիստին` տապալելով սեփական այդքան կարևոր ուղերձի քննարկումը, որին մեզ հրավիրում են հենց իրենք:
Հետո, Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ ինքը կարևոր հարց ուներ տալու այլ օրենքի նախագծի վերաբերյալ, դրա համար չի գնացել հանձնաժողովի քննարկմանը: Իսկ ավելի ուշ, Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով` սեփական աջակիցներին մոլորեցնում է` հայտարարելով, թե իբր իրենք տեղյակ չեն եղել հանձնաժողովի նիստի մասին և նիստը ապօրինի է եղել:
Կրկնում են` նիստի ժամը ծանուցվել է մի քանի ժամ առաջ և կանոնակարգ օրենքով այն լիովին օրինական է, իսկ Արծվիկ Մինասյանն այդ մասին հրաշալի գիտի:
Հիմա ամենակարևոր հարցը` ինչու՞ է ընդդիմությունը ստում իր աջակիցներին և բոլորին:
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը: Միակ չիմացողը` իրենց աջակիցներն են: Ուրեմն նրանց է պետք խաբել:
Եվ Բագրատն ու ընդդիմությունը կիրակի օրը ծրագրում են հետևյալը` մարդկանց պետք է բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների: Բայց մինչ այդ, պետք է գործընթացը տաքացնել, որ մարդիկ մի քանի օր այնտեղ մնալու և կռիվ տալու էմոցիոնալ և լեգիտիմ առիթ ունենան: Դրամատիզմ ավելացնելու համար պետք է սկսել հետհաշվարկ` 96 ժամ:
Իսկ բովանդակությամբ իրավիճակը տաքացնելու համար պետք է նախաձեռնել իմփիչմենթի կեղծ գործընթաց, քանի որ իրական իմփիչմենթի համար անհրաժեշտ ձայներ չունեն: Կեղծ իմփիչմենթը` ուղերձն է:
Բայց այսօր ի՞նչը այնպես չգնաց այս պատմության մեջ:
Ընդդիմությունը չեր սպասում, որ ԱԺ հանձնաժողովի նիստը կնշանակվի հենց այսօր և մտածում էր, որ դեռ կարող է 96 ժամի մնացած ընթացքը օգտագործել կեղծ իմփիչմենթի փուչիկը փչելու համար:
Մենք հանձնաժողովի նիստը նշանակեցինք այսօր, որից ընդդիմությունը անակնկալի եկավ` եթե գնար նիստին, փաստարկների դաշտում ջախջախվելու էր, որից հետո իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկելու:
Այդ դեպքում փուչիկը այսօր պայթելու էր, քանի որ բոլորը հասկանալու էին, որ դեմ քվեարկությամբ կառավարող խմբակցության որոշումը ամրագրվել է: Արդյունքում, Բագրատ & CO-ն չէր կարողանալու համոզեր սեփական հետևորդներին, որ ՔՊ պատգամավորներին կարող են պարտադրել հունիսի 17-ին գալ նիստի, եթե ճնշումը ավելացնեն ու ավելի շատ մարդ հավաքեն: Իսկ հիմա կարող են ասել` մեզանից թաքուն հանձնաժողովի նիստ արեցին, վախեցան, դրա համար եկեք վաղը ավելի շատով հավաքվենք, որ ավելի շատ ճնշենք ու պարտադրենք գալ նիստին: Նիստին, որը չի լինելու:
Պլանը սա է. այս ֆարսի միջոցով հնարավորինս շատ մարդ հավաքել Ազգային ժողովի դիմաց, բախումներ հրահրել ու ստեղծել քաոս: Եթե հաջողվի իշխանությունը զավթել, ապա կիրագործվի իրենց հայաստանյան և ոչ հայաստանյան տերերի դիվային ծրագիրը: Եթե չհաջողվի, ընդդիմությունը երեսը կփրկի` ասելով, որ ինքը նախաձեռնեց հրաժարականի գործընթաց, բայց դավաճան իշխանությունը չմիացավ դրան: Բագրատը կասի, որ բիրտ ոստիկանությունը ճնշեց ժողովրդի կամքը: Ընդդիմադիրները կվերադառնան ԱԺ և խելոք կծվարեն իրենց կաբինետնորում ու կմասնակցեն գործուղումներին: Բագրատը կգնա վանք ու կքնի մի բոլ: Իսկ ահա այն մարդիկ, ովքեր հավատացել էին այս ֆարսին, կմնան ձեռնունայն, հուսալքված և խաբված:
Ահա սա է ստի և կեղծիքի մեկամսյա մարաթոնի ողջ պերճանքն ու թշվառությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել