News.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոսթ Քլայնը որակազրկվել է կին օպերատորի նկատմամբ «սպառնալից շարժումներ» անելու համար։
X-ում տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հոլանդական ռադիո եւ հեռուստատեսային հեռարձակող AVROTROS-ը համարել է Քլայնի որակազրկումը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից որպես «անհամաչափ» եւ արտահայտել է «մեծ հիասթափություն»:
«Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրվա նրա ելույթից հետո։ Հակառակ հստակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Յոստին սկսել են նկարահանել բեմից դուրս գալուց անմիջապես հետո եւ վազել դեպի հանդերձարան։ Այդ պահին նա բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում նկարահանվել։ Սակայն նրա ցանկությունն անտեսվել է, ինչի հետեւանքով երգիչը սպառնալից ժեստ է ուղղել տեսախցիկին: Յոստը կին օպերատորին ձեռք չի տվել։
Միջադեպի մասին հաղորդվել եւ հետագայում հետաքննվել է EBU-ի եւ ոստիկանության կողմից: «Երեկ եւ այսօր մենք մանրամասն խորհրդակցեցինք EBU-ի հետ եւ առաջարկեցինք մի քանի լուծումներ։ Այնուամենայնիվ, EBU-ն որոշեց որակազրկել Յոստ Քլայնին։ AVROTROS-ը պատիժը համարում է շատ խիստ եւ անհամաչափ։ Մենք լավ վարքագծի կողմնակից ենք, թող այս հարցում թյուրիմացություն չլինի, բայց, մեր կարծիքով, վտարման որոշումը համաչափ չէ կատարվածին։
Մենք շատ հիասթափված ենք, եւ միլիոնավոր երկրպագուները, ովքեր անհամբեր սպասում էին այս երեկոյին, վշտացած են: Այն, ինչ Յոստը բերեց Հոլանդիա և Եվրոպա, չպետք է ավարտվեր այս կերպ»:
Քլայնը որակազրկվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի գլխավոր եզրափակչից:
«Մենք զրոյական հանդուրժողականության քաղաքականություն ունենք մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ եւ պարտավորվում ենք ապահովել անվտանգ եւ ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար:
Ելնելով այս հանգամանքից՝ հոլանդացի արտիստի պահվածքը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,- նշել է EBU-ն։