Արտաքին գովազդը կազմում է մեր քաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մասը և պետք է ճիշտ և ճաշակով կազմակերպված լինի:
Արտաքին գովազդի և հատկապես սյուների վրա տեղադրվող փողոցային մեծ և միջին չափի (3x6, 3x4) վահանակների նկատմամբ պահանջարկի աճը հանգեցրեց նրան, որ Երևանում մինչև 2011 թվականը կտրուկ ավելացավ փողոցային վահանակների թիվը: Քաղաքի հիմնական փողոցները, որոնց գրավչությունը գովազդի տեղադրման տեսանկյունից առավել բարձր էր, կարճ ժամանակում գերծանրաբեռնվեցին նշված վահանակներով, ինչը բացասաբար անդրադարձավ քաղաքի արտաքին տեսքի վրա:
Բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն վաղուց հրաժարվել են ահռելի չափսերի հասնող վահանակներից և օգտագործում են մասնավորապես «սիթի սայզ» /1.2 x 1.8/ չափերը։ Հատկապես քաղաքի կենտրոնում մեծ և միջին չափի գովազդային վահանակները ծայրահեղ տգեղ տեսք ունեն: 
Երևանի քաղաքապետարանի գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի փողոցային վահանակների տեղադրման և քաղաքի արտաքին տեսքի պահպանման միջև ճիշտ հարաբերակցության ընտրությունը` մի կողմից ապահովելով քաղաքի ճարտարապետական տեսքի հետ վահանակների և դրանց քանակի ներդաշնակությունը, մյուս կողմից չվնասելով փողոցային վահանակների սեփականատեր հանդիսացող ընկերությունների մասնավոր շահերին:
Այս ամենը հաշվի առնելով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկ արվեց գովազդային ոլորտի կազմակերպություններին փուլային տարբերակով մինչև 2013 տարեվերջ ապամոնտաժելու մայրաքաղաքի փոքր կենտրոնում տեղադրված գովազդային մեծ և միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս և դրանով խոչընդոտում Երևանյան փողոցների ամբողջական տեսողական ընկալումը։ 
Փոխարենը Երևանի քաղաքապետարանը այդ նույն կազմակերպություններին կտրամադրի քաղաքային չափերի (1.2x18) ժամանակակից գովազդային կրիչներ տեղադրելու հնարավորություն։
Մասնավոր կազմակերպությունները դրական արձագանքեցին այս նախաձեռնությանը՝ համարելով որոշումը ժամանակի հրամայական և արդեն սեպտեմբերի 23-ից սեփական միջոցներով սկսելու են վերոնշյալ գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը։ 
Մինչև հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ Նովա (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան, Տիգրան Մեծ (մինչև Խանջյան փողոց) փողոցների գովազդային մեծ և միջին չափի վահանակները, իսկ մինչև տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները։
Ի դեպ, փողոցների երթևեկի ծանրաբեռնվածության պատճառով ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն գիշերային ժամերին, որի համար հայցում ենք մեր բնակիչների ներողամտությունը։
Աշխատանքների իրականացման հիմնական նպատակը քաղաքը առավել գեղեցիկ և հարմարավետ դարձնելն է։ Աշխատանք, որը թույլ կտա արտաքին գովազդը մայրաքաղաքում առավել ճաշակով և Եվրոպական ստանդարտներին համահունչ մատուցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել