Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կան կասկածներ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել