Psymag.am-ը գրում է.

«Ես գերադասում եմ ոչ վերբալ շփումը վերբալին, այսինքն` շփում ինտերնետի, sms- ների միջոցով»: Ինչո՞ւ է այդպես լինում: 
Քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց մեջ նկատում են վերոնշյալ գերադասությունը: Սակայն ինչո՞ւ է այդպես լինում, չէ՞ որ վերբալ շփման մեջ ավելի շատ կյանք ու էմոցիաներ կան:

Նման մարդկանց հիմնականում կարելի է բաժանել երկու խմբի:

Առաջինը` մարդիկ են, ովքեր իրար հետ ծանոթ չեն ու նրանք գերադասում են շփվել sms- ների միջոցով. դրա համար կան մի քանի կոնկրետ պատճառներ: Նախ` հոգեբանական ռիսկի նվազեցումն է շփման մեջ: Այսինքն, երբ իրար անծանոթ մարդիկ ծանոթանում են, շատերը սկսում են կարմրել, սփրթնել, քաշվել իրարից, նրանց համար դժվար է` չգիտեն ինչպես լրացնեն շփման ընթացքում առաջացող դադարները, իսկ sms-շփման մեջ այդ խնդիրն ուղղակի գոյություն չունի:

Երկրորդ` դա շփման անոնիմությունն է: Այսինքն` մարդիկ կարծես ներկայանում են իրար` իմ անունը Արամ է, իմը` Սառա է, բայց, փաստացի, ֆիզիկապես նրանք իրար ներկայացված չեն: Եթե ուղիղ շփման ընթացքում, ինչպես ասում են, մարդու մասին տպավորությունները ձևավորվում են առաջին հինգ վայրկյանների ընթացքում` ինչպես ենք մենք գնահատում իրար, իսկ sms- ների դեպքում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ մարդը կարող է ներկայանալ, կարող է դուր գալ զրուցակցին` թաքցնելով իր արտաքինը: Ու նման կերպ կոմպենսացնել իր թերությունները, բարդույթները կամ ուրիշ մի բան: Նա գործում է անոնիմ և շնորհիվ դրա շահում է: 

Երրորդ` sms-շփման ժամանակ հավասարվում են մարդկանց կարգավիճակները: Այսինքն` բոլոր մարդիկ տարբեր են իրենց կարգավիճակով` ոմանք հարուստ են, ոմանք աղքատ, իսկ ուղիղ շփման ժամանակ դա ընդգծվում է` թանկաարժեք աքսեսուարների, պայուսակների, ժամացույցի, մեքենայի, միգուցե նաև թիկնապահների միջոցով: Իսկ sms-շփման մեջ այս ամենը տեսանելի չի և այն վեր է ածվում, որոշ իմաստով, ավելի բնական շփման: Սոցիալական կարգավիճակի այդ աքսեսուարներն ու ատրիբուտները իրար հետ շփվող մարդկանց վրա չեն ճնշում, և դա չափազանց հարմարավետ է:

Եվ վերջապես,չորրորդը` կապերի անսահմանափակությունն է: Եթե ուղիղ շփման ընթացքում, ենթադրենք աղջիկը, կարող է ֆլիրտ անել միայն մեկ տղայի հետ, իսկ տղան` մի աղջկա, ապա sms-շփման ընթացքում կարելի է ֆլիրտ անել միանգամից հինգ, տասը զուգընկերոջ հետ: Եվ սա, որպես ստրատեգիա, ավելի շահավետ է ու հեռանկարային, քան փորձել ֆլիրտ անել միայն մեկի հետ:

Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ, ովքեր իրար արդեն գիտեն, ճանաչում են, միևնույն է գերադասում են շփվել ինտերնետով, sms-ների միջոցով: Այստեղ, ամենայն հավանականությամբ, վճռորոշ դեր է խաղում այդպիսի շփման գործնականությունը: Այսինքն` ուղիղ շփման համար, այնուամենայնիվ, մարդը պետք է որոշակի պայմաններ ստեղծի, իսկ sms-ների միջոցով նա կարող է շփվել բազմոցին պառկած, տեղաշարժվելով փողոցով, նստած ավտոբուսի մեջ կամ մետրոյում: Սա շահեկան ձև է, քանի որ այդպես նա չի սահմանափակում իրեն շփման մեջ: Նա ազատ է բոլոր իրավիճակներում: 

Երկրորդ` այսպիսի շփման դեպքում նման մարդիկ հնարավորություն ունեն ամեն պահի սկսել և ամեն պահի էլ ընդհատել զրույցը, ինչը բնական շփման ժամանակ բավականին դժվար է:  Խոսակցությունը պետք է մի ձև սկսել, առիթ գտնել, նորից պետք է առիթ գտնել զրույցը եզրափակելու համար, իսկ sms-շփման ժամանակ սա ուղղակի պետք չի: Ուզեցի՞ր հաղորդագրություն ուղարկեցիր, չուզեցիր` կորար տեսադաշտից ու չես պատասխանում զրուցակցի գրածներին: 

Երրորդը, որ բավականին կարևոր է, ու հիմնականում դրանից օգտվում են երեխաները, ովքեր ծնողներին sms են ուղարկում` տեղեկացնելով, որ ամեն ինչ լավ է, ես ընկերոջս տանն եմ, չնայած իրականում դա կարող է այդպես չլինել, բայց sms-ը թույլ է տալիս թաքցնել դա: Այդպես sms-ը նաև թույլ է տալիս թաքցնել շրջապատի աղմուկը: Եթե որևէ ակումբում ես կամ այնպիսի տեղ, որտեղ գարեջրի շշերն են չխկչխկում, ապա, զանգելով հեռախոսով, այդկերպ երեխան մատնում է իրեն, իսկ sms-ի միջոցով ամեն ինչ ստացվում է հանգիստ և հարմարավետ: 

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել