ՔՊ կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կատարված միջադեպը ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Ոմանք հոգու խորքում ընդունում են հանրային պարսավանքի արդարացիությունը, միայն Փաշինյանի իսկական ուսապարկերն են համամիտ «շեֆի» հետ, ով հրահանգել է խստագույնս պատժել ՔՊ-ական պատգամավորին տրանսպորտում «հակահայ վիժվածք» անվանած ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին, ով մեկ տարի առաջ Փաշինյանի հետեւից էլ էր «դավաճան» բղավել եւ արդյունքում զրկվել աշխատանքից: Իշխանական բարձր օղակներում համոզված են, որ մարդկանց վախը բռնելով՝ կկարողանան գործընթացի դեմն առնել, հակառակ դեպքում դրա վարակիչ էֆեկտն անխուսափելի է լինելու, ուստի կարծում են, որ իրավապահները պետք է կալանավորեն Սամվել Վարդանյանին:

Մենք գրել էինք, որ Ասլանյանը չի ցանկացել իրավապահներին դիմել, սակայն խմբակցության ղեկավարությունը հորդորել է, եւ Ալեն Սիմոնյանն էլ արագորեն մտավ թեմայի մեջ, ու ստիպեցին Ասլանյանին դիմում գրել: Պատգամավորը երեկ կրկին անկեղծացավ, թե ինքը չէր ուզում. «Այո, ես նպատակ չունեի, ես դա չէի հանրայնացնի, եթե ինքը դա չգցեր Ֆեյսբուք: Ես ասացի, որ արել է, թող ինքն իրենով տապակվի, բայց մի քիչ հետո հանկարծ սկսում են զանգերը, որ արդեն Ֆեյսբուքը պայթում է դրանից: Այդ դեպքում ուրիշ բան չէր մնում, քան դիմել իրավապահներին: Ինձ քննչականից են զանգել եւ ասել, որ արդեն ճշտել են տեղի ունեցածը»:

Եվ քննչականից հրավիրել են, պատգամավորն էլ անմիջապես գնացել է` չգիտակցելով, որ բողոքելն իր իրավունքն է, բայց պարտականությունը չէ: Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ արդեն առերեսում եւ հարցաքննություն եղել է։ «Երիտասարդն ասում է՝ ես որեւէ վատ բան չեմ ասել, բայց տեսանյութում լսվում են իր խոսքերը: Ինքը երկու փաստաբան է բերել, բայց այնքան խելամտություն չի ունեցել, որ գոնե չգցեր Ֆեյսբուք»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ ինքը փաստաբան չունի, կարող է իրեն պաշտպանել:

Դիտարկմանը, որ երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, դա ներկայացվեց որպես էմոցիոնալ պոռթկում, ինչո՞ւ այս դեպքում էլ այդպես չեն որակում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես հանգիստ ինձ համար նստած եմ, գալիս եմ, որ իջնեմ, ինքն իմ դեմը փակում է եւ սկսում է վիրավորել: Իր փաստաբաններն ասում են՝ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում: Բայց դեմոկրատիայի դեպքում ձեր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը: Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ: Բա ես ինչի՞ իրավունքն ունեմ: Երկրորդ․ նա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանել՝ նշանակում է մտնել իմ սեփական տարածքը: Ասում են՝ ամբողջ Եվրոպայում էլ պապարացիները նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար իրենց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, թող ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանին հարցրինք. որոշել եք` ով իշխանականներին ասի՝ աչքիդ վերեւը հոնք կա, ուղարկեք բա՞նտ։ «Մի քաղաքականացրեք, դրա հետեւանքներն իրավական են, իրավական գնահատական պետք է տրվի, ուստի քաղաքական որեւէ գնահատական տալու իմաստը չկա: Իրավապահները կուսումնասիրեն, եւ կհասկանանք»,- ասաց պատգամավորը` ընդգծելով, որ ակնհայտորեն խախտվել են մարդու իրավունքները, առնվազն ազատ տեղաշարժի, նման վարքագիծը, իր կարծիքով, անթույլատրելի է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորի դեպքում: Իսկ շարքային քաղաքացուն կարելի՞ է վիրավորել, ԱԺ ամբիոնից ՔՊ-ականները պարբերաբար վիրավորում են քաղաքական մրցակիցներին, Նիկոլ Փաշինյանը սպառնում է «շինել», որակումներ է տալիս, ինչո՞ւ չպիտի գործի նաեւ հանրային պարսավանքի ինստիտուտը` հատկապես երբ գործ ունենք հայրենիք հանձնած իշխանությունների հետ։ «Դուք իրականության հետ աղերս չունեցող դիտարկումներ եք անում, թույլ տվեք չպատասխանել, եւ սպասենք իրավապահների գնահատականներին»:

Իշխանական մեկ այլ պատգամավորի` Արմեն Խաչատրյանի խոսքով, պատգամավորի հետ վիճաբանած երիտասարդը «դասական լածիրակ» է. «Մեր հանրության մեջ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորն ավտոբուսով է երթեւեկում, նրանք սովոր են պատգամավորին տեսնել մեծ ու շքեղ «ջիպերի» մեջ` թիկնազորով եւ անձնական վարորդներով շրջապատված։ Այդ ժամանակ անդաստիարակ լածիրակները շատ հեզ ու զգույշ են լինում անգամ նրանց ուղղությամբ հայացք թեքելիս»։

Հայկ Սարգսյանը` Շիշ բռնողը, հրաժարվեց անդրադառնալ թեմային՝ հորդորելով իրեն միայն իր հեղինակած օրենքներից հարցեր տալ: Մինչդեռ Ասլանյանի ընկեր Հովիկ Աղազարյանը կասկած չունի, որ նախօրեին հանրային տրանսպորտում կատարվածը կանխամտածված, նախապես ծրագրված է եղել, այլ ոչ թե էմոցիոնալ պոռթկում, ուստի երիտասարդը պիտի պատժվի. «Էդ երիտասարդը, նախապես իմանալով, որ ավտոբուսն է նստել, հետեւից գնացել է, հեռախոսի օնլայն ռեժիմը միացրել ու շոու է սարքել, որ կատարի իր տերերի պատվերն ու ստանա իր թուլափայը: Պետք է տարբերել սպոնտան ու կանխամտածված իրավիճակները, իսկ սա կանխամտածված էր, եթե այդպես չի եղել, թող աշխարհի անեծքները թափվեն իմ գլխին»: Աղազարյանն ասում է, որ տղան պետք է պատժվի «վիժվածք» բառն ասելու համար: Մեր հարցին` ձեզ կարելի՞ է երկիր հանձնել, մնալ անպատիժ, իսկ երբ քաղաքացին այդ քաղաքականությանն էմոցիոնալ արձագանքում է, պիտի բա՞նտ գնա։ «Մենք սուրբ չենք, մենք երկիր չենք հանձնել, ո՞ր երկիրն ենք հանձնել, դա իր տերերն ու հոպարներն են ստորագրել կապիտուլյացիայի ակտը, թող գնա իր հոպարներից պահանջի»:

Պատգամավորը նաեւ անկեղծացավ` ինքն էլ է շատ անգամներ նման տհաճ իրավիճակներում հայտնվել. «Բայց երբ պատահական, սպոնտան է եղել, տեսել ես, որ ցավ է եղել ներսում, ուրիշ ձեւ ես մոտենում, եղել է, որ ես ծնկի եմ եկել, ներողություն խնդրել քաղաքացուց, բայց երբ շարունակել է ոգեւորվել, հելել՝ մի երկու քաղցր բառ եմ ասել։ Եղել է, որ չեմ արձագանքել, եթե 16 տարեկան աղջիկն ինձ ասում է «դավաճան», ես ի՞նչ արձագանքեմ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել