Վաղը՝ ապրիլի 13-ին, Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հավաք են անելու։ «Հավաքվում ենք Ոսկեպարի գյուղամիջում, ասելու՝ տեր ենք մեր հայրենիքին ու պետությանը: Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն»,- հայտարարում է օրերս ձեւավորված նախաձեռնության խորհուրդը, որում ընդգրկված է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով տավուշցի Գառնիկ Դանիելյանը։ Երեկ նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են հավաքն անցկացնում Տավուշում, մտածում են, որ Տավուշից տարածքներն Ադրբեջանին հանձնելու խնդիրը լոկալ՝ տեղական խնդիր է, եւ դրա դեմ պետք է պայքարեն միայն տավուշցինե՞րը։

- Վաղը «Տավուշը՝ հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հավաք է կազմակերպել Տավուշում` ինչո՞ւ Տավուշում, եթե Երեւանի կենտրոնում նստածներն են որոշել հանձնել Տավուշի տարածքները։

- Ես այդ հասարակական նախաձեռնության անդամն եմ, եւ մենք, այո, նպատակ ունենք թույլ չտալ կենսական զիջումներ: Այո, չնայած Տավուշից են ուզում սկսել, բայց ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Թե ինչու Տավուշից, որովհետեւ մեր գործունեության հենքը Տավուշն է, մենք փորձում ենք Տավուշում համախմբում իրականացնել, որովհետեւ շատ կարեւոր է, որ ոչ միայն այդ մի քանի, կոնկրետ՝ չորս գյուղերը, որոնց հետ խնդիր կա, այլեւ մյուսները եւս գիտակցեն, որ սա բոլորի խնդիրն է։ Ոսկեպարի, Բաղանիսի, այլ բնակավայրերի մարդիկ պիտի հասկանան, որ դա չորս գյուղի խնդիրը չէ, մենք փորձելու ենք մարդկանց դա հասկացնել, որովհետեւ, հավատացեք, այդ գիտակցումը չկա, որոշակի չափով հասկանում են խնդիրը` որ գործընթացը ճիշտ տեղ չի գնում, բայց խորությամբ չեն հասկանում: Մի քանի գյուղում են հասկանում, դրա համար էլ ամեն օր ոտքի են կանգնած, մնացած գյուղերում՝ մի տեղ կա, մի տեղ չկա, որոշներն իրենց կոմֆորտի զոնայում են։ Օրինակ, նույն Ոսկեպարի տրամադրվածությունն անգամ տարբերվում է Կիրանցում տիրող տրամադրվածություններից։ Այս մթնոլորտը պիտի փոխենք։

- Մարդիկ չորս տարի է՝ տեսնում են, թե ինչ է կատարվում, վերջին մեկ ամսում էլ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որ այդ տարածքների հանձնման հետեւանքը լինելու է այն, որ Տավուշն ամբողջությամբ հայտնվելու է թշնամու վերահսկողության տակ, եթե այսքանից հետո էլ չեն գիտակցում, ինչպե՞ս եք պատրաստվում հասկացնել։

- Օրինակ՝ անձամբ ես առաջին մարդն եմ եղել, որ գնացել նկարել եմ, քարտեզներով եմ բացատրել, թե ինչ արհավիրք է լինելու, կոմունիկացիաներն են հանձնելու: Այդ ժամանակ շատ մարդ չէր հավատում, բայց հիմա կարող եմ ասել, որ իրավիճակն ավելի փոխվել է։ Նախ՝ այդ ինչպե՞ս են որոշել, որ դրանք ադրբեջանական տարածք են, եթե դելիմիտացիա-դեմարկացիա չի արվում, չկա համաձայնություն: Ո՞վ է ասում, որ դրանք ադրբեջանական են։ Թշնամին մտել է, մեր սուվերեն տարածքի 340 կիլոմետրն օկուպացրել է, 31 բնակավայր իր վերահսկողության տակ է, Արծվաշենը` նույնպես, էդ մարդը դրանք վերադարձնելու փոխարեն որոշել է միակողմանի զիջում անել։ Նախ պիտի քարտեզները ճշտել, սկզբունքները ու ճշտելուց հետո էլ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերել, ասենք` ճանապարհն անցնում է, մենք ինչո՞ւ պիտի տանք, սա մի օրվա գործընթաց չէ, սահմանազատումը տարիների գործընթաց է, մենք տեսնում ենք, որ Հայաստան-Վրաստան գործընթացն արդեն 30 տարի է՝ գնում է։ Հիմա սա պիտի բացատրենք ժողովրդին։
Մեր նախաձեռնությունը վերկուսակցական մարմին է, մեր թիմից միայն ես եմ խորհրդի անդամ, ընտրվել եմ նախաձեռնության կողմից` որպես տավուշցի, ու պետք է շեշտեմ, որ մեր խնդիրն այն է, որ չկուսակցականացվի այդ նախաձեռնությունը, Հայաստանում պիտի շարժում սկսվի, որը պիտի լինի ապակուսակցական, կուսակցականացումը խնդիր է առաջացնում, այս մի կուսակցությունը մյուսի հետ չունի, ու այսպես սկսվում են խնդիրները, կազմաքանդումը, ձախողումը։ Մենք այսօր էքզիստենցիալ այնպիսի խնդիրների առջեւ ենք կանգնած, որ կոնկրետ ես, չնայած 20 տարուց ավելի դաշնակցական եմ, պակաս չեմ հարգում իմ կուսակցությունը, բայց, իմ խորին համոզմամբ` կուսակցականությունը պիտի մղվի երկրորդական, չորրորդական պլան։ Սա իմ, ձեր, բոլորիս խնդիրն է։

- Այսինքն՝ ճիշտ հասկացա՞, որ ընդամենը իրազեկման ակցիա եք իրականացնելու, մարդկանց տեղեկացնելու եք, թե ինչ է իրենց սպասվում: Ասենք՝ որոշե՞լ եք հաջորդ քայլերը։

- Մենք հստակ պահանջներ ենք դնում եւ թույլ չենք տալու կենսական զիջումների գնալ: Իհարկե, մեզնից կախվածը։ Մենք ամենազոր Ջինը չենք, բայց ամբողջ հոգով-սրտով կանգնած ենք շարժման ակունքներում եւ դեմ ենք, ժողովուրդն էլ իրավունք ունի պայքարելու, ո՞ւր կտանի դա, ոչ մեկը չի կարող ասել, բայց մենք անկեղծ լծված ենք դրան: Ինչքան մեզ շատ մարդ հավատա, ինչքան մեր ուժերը շատ լինեն, այնքան մենք կարող ենք մեր առջեւ դրված խնդիրները կատարել, դրա համար ուզում ենք ստանալ ժողովրդի վստահության քվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել